Մարդու աճի գործոններից մեկը, հավանաբար, հնարավոր կլինի օգտագործել Պարկինսոնի բուժման հիվանդության համար: Այս հարցին առնչվող առաջին կլինիկական հետազոտությունն իրականացրել են շվեդ գիտնականները:
Lund University եւ Karolinska Institutet-ի մասնագետները երկար ժամանակ ուսումնասիրում են աճի տրոմբոցիտար գործոնը՝ անգիոգենեզի գործընթացում նշանակալից դեր խաղացող սպիտակուցը, որն աճի բազմաթիվ գործոններից մեկն է: Աճի այս գործոնի՝ կենդանիների վրա ունեցած ազդեցության կլինիկական հետազոտությունները սկսվել են դեռեւս տաս տարի առաջ:
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ այդ սպիտակուցը նվազեցնում է Պարկինսոնի հիվանդության ախտանիշները, դրական է ազդում շարժողական ապարատի վրա եւ վերականգնում է ուղեղում դոֆամինի անհրաժեշտ քանակը: Բացի այդ՝ նախնական հետազոտությունները ցույց են տալիս, որ աճի այս գործոնը վերականգնում է նեյրոնները եւ նյարդաթելիկները: Մարդկանց ներառող առաջին գիտափորձի ժամանակ գիտնականները փորձել են պատկերացում կազմել աճի տրոմբոցիտար գործոնի յուրացման եւ անվտանգության մասին: Նշենք, որ գիտափորձին մասնակցել է Պարկինսոնի հիվանդությամբ տառապող 12 հիվանդ, իսկ գիտափորձն էլ եղել է կրկնակի կույր, ռանդոմիզացված եւ անցկացվել է պլացեբոյի էֆեկտի ապահովման պայմաններում:
Արդյունքները ցույց տվեցին, որ սպիտակուցը անդառնալի կողմնակի ազդեցության չի հանգեցնում: Մասնագետներին ոգեւորել է նաեւ այն, որ ակտիվ բուժման ենթարկված հիվանդների մոտ դոֆամինի մակարդակը ուղեղում ոչ միայն պահպանվել է, այլեւս սկսել է աճել: Պարզվեց, որ աճի տրոմբոցիտար գործոնը ի զորու է վերականգնել Պարկինսոնի հիվանդության պատճառով քայքայված գլխուղեղի հյուսվածքները: Հենց այս արդյունքն է, որին ոչ մի կերպ չեն կարողանում հասնել ժամանակակից դեղամիջոցները: Առաջիկայում կանցկացվեն ավելի շատ հիվանդ ներառող լայնածավալ կլինիկական հետազոտություններ:






