Որոշ կանայք ծննդաբերելուց առաջ բրազիլական էպիլյացիա են անում, պատմում է մեղրամոմային էպիլյացիայի մասնագետ Mrs.X-ը: Նրա խոսքով՝ դա կանանց ավելի ինքնավստահ է դարձնում՝ նախապատրաստելով սպասվելիք փորձությանը:
Բացի այդ՝ կլինիկաների մեծամասնությունում բուժանձնակազմը ծննդաբերության ընթացքում հեռացնում է կնոջ աճուկի մազածածկույթը անհրաժեշտ հիգիենան ապահովելու նպատակով: Այդ պատճառով սափրելու անցանկալի հետեւանքներից խուսափելու համար կանայք գերադասում են նախապես մեղրամոմային էպիլյացիայի միջոցով հեռացնել մազածածկույթը:
Մասնագետի խոսքով՝ հղի կնոջ պարագայում մեղրամոմային էպիլյացիան ավելի բարդ է դառնում, քանի որ հղիները ավելի զգայուն են ցավի նկատմամբ, իսկ երբեմն հղի կնոջ որովայնի մեծության պատճառով այդքան էլ հեշտ չէ իրականացնել բիկինի մազահեռացումը:
The Daily Mail-ի փոխանցմամբ՝ Mrs X-ը, որը բազմաթիվ կանանց է մեղրամոմային էպիլյացիա իրականացնում, պատմում է կյանքի ընթացքում եւ հատկապես ծննդաբերությունից հետո կնոջ մարմնի փոփոխությունների մասին: Մասնագետը պատմում է նաեւ «արտասովոր» հաճախորդների մասին: Կանանցից ոմանք էպիլյացիայի են գալիս դաշտանաշրջանի ընթացքում, ինչը, բնականաբար, ոչ այնքան հարմար իրադրություն կարող է ստեղծել: Որոշ կանայք էլ հաճույք են ստանում այս պրոցեդուրայից՝ հառաչելով դրա ընթացքում:






