Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հավանության է արժանացրել ամերիկյան Corgenix Medical կորպորացիայի ReEBOV Antigen թեստի կիրառումը: Այս էքսպրես թեստը հնարավորություն է ընձեռում ախտորոշել Էբոլան 15 րոպեի ընթացքում:
Սա առաջին նմանատիպ թեստն է: Դրա կիրառումը շատ դյուրին է՝ չնայած նրան, որ այն նույնքան ճշգրիտ չէ, որքան ներկայումս կիրառվող մնացած թեստերը: Ստանդարտ լաբորատոր մեթոդներով Էբոլայի ախտորոշումը տեւում է 12-24 ժամ, հաղորդում է Reuters-ը:
ReEBOV Antigen-ի միջոցով մարդու օրգանիզմում Էբոլայի վիրուսի առկայությունը ստուգելու համար ընդամենը պետք է մատից մի քանի կաթիլ արյուն վերցնել: Նշվում է, որ թեստը հատկապես անհրաժեշտ է աֆրիկյան երկրներում, որտեղ առողջապահության ինստիտուտները այդքան զարգացած չեն: ReEBOV Antigen-ը ախտորոշում է Էբոլան 92 տոկոս ճշգրտությամբ:
Թարմացված տվյալներով՝ Էբոլայի համաճարակի վերջին բռնկումից ի վեր 9442 մարդ է մահացել, վարակվել է 23 հազարը:






