Պետք է ստեղծենք  բոլոր պայմանները, որպեսզի խոշոր ներկայացուցչությունները որակյալ դեղերը մատչելի գներով ներկրեն Հայաստան. Այս մասին այսօր, փետրվարի 23–ին, դեղ ներկրող, արտադրող խոշոր ընկերությունների ղեկավարների, ինչպես նաեւ օտարերկրյա դեղագործական ընկերությունների հայաստանյան ներկայացուցչությունների հետ հանդիպման ընթացքում ասաց է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։

Անդրադառնալով դեղերի հիմնական ցանկում ներառված դեղորայքի գների կանոնակարգման հարցին, Արմեն Մուրադյանը նշեց, որ ԵՏՄ անդամ պետությունների դեղերի հիմնական ցանկում ներառված դեղերի գները կանոնակարգված են:

Օտարերկրյա դեղագործական ընկերությունների հայաստանյան ներկայացուցչություններին նախարարն առաջարկեց  ձեռնարկել քայլեր դեղերի հիմնական ցանկում ներառված, ինչպես նաեւ չներառված թանկարժեք դեղերի գների կանոնակարգման ուղղությամբ, որպեսզի օտարերկրյա դեղագործական ընկերությունների համար հայաստանյան շուկան եւս  հետաքրքրություն ներկայացնի:

«Անվտանգ եւ որակյալ դեղերը  մեր բնակչության համար  պետք  է լինեն նաեւ մատչելի: Պետք է ստեղծենք  բոլոր պայմանները, որպեսզի խոշոր ներկայացուցչությունները որակյալ դեղերը մատչելի գներով ներկրեն Հայաստան»,- ընդգծեց ՀՀ առողջապահության նախարարը:

Հաշվի առնելով, որ դեղը սոցիալական նշանակության ապրանքատեսակ է, Արմեն Մուրադյանը մեկ անգամ եւս  շեշտեց, որ դեղերի ոլորտում սոցիալական պատասխանատվության գործոնն առաջնահերթ է: