ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված հերթական նիստի ժամանակ Ռադիոիզոտոպների արտադրության եւ մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը, իսկ խորհրդի քարտուղար` ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանձնարարել էր ձեւավորել կենտրոնի նոր խորհուրդ, որի կազմում ընդգրկվել են ՀՀ առողջապահության նախարարության, շահագրգիռ գերատեսչությունների, ինչպես նաեւ շինարարական ընկերության ներկայացուցիչներ: Նիստին ներկա էին խորհրդի 10 անդամներից 7-ը:
Ռադիոիզոտոպների արտադրության եւ մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ Յաղջյանը ներկայացրել է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման երկարաժամկետ ծրագիրը, որը 2014 թվականի դեկտեմբերին ՀՀ կառավարության որոշմամբ հանձնվել է ՀՀ առողջապահության նախարարությանը։
Ծրագրի առաջին փուլում իրականացվում է Ռադիոիզոտոպների արտադրության եւ մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի կառուցումը։
Նիստի ընթացքում ներկայացվել է աշխատանքային պլանը, տրվել են հանձնարարականներ, ինչպես նաեւ մշակվել են առաջիկա անելիքները:






