Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կեղտոտ ներարկիչների դեմ պայքար է սկսում: Վերջիններս հեպատիտի եւ ՄԻԱՎԻ-ի՝ ամբողջ աշխարհում տարածման հիմնական պատճառներից մեկն են: ԱՀԿ-ն հորդորում է բոլոր երկրներին մինչեւ 2020 թվականն ամբողջությամբ անցնել «խելացի» ներարկիչների կիրառմանը՝ բացառությամբ, իհարկե, որոշ դեպքերի: Կազմակերպությունը հորդորում է նաեւ արտադրողներին մեծացնել ԱՀԿ չափանիշներին համապատասխանող «խելացի» ներարկիչների արտադրման ծավալները:
Ներարկիչների եւ ներարկման ասեղների կրկնակի օգտագործումը մեկից ավելի մարդկանց կողմից հանգեցնում է մահացու ինֆեկցիաների տարածմանն ամբողջ աշխարհում, նշվում է ԱՀԿ հայտարարության մեջ:
ԱՀԿ-ի կողմից ֆինանսավորվող 2014 թվականին անցկացված հետազոտության արդյունքների համաձայն՝ 2010 թվականին ընդհուպ մինչեւ 1.7 մլն մարդ վարակվել է հեպատիտ C-ով, 33800 մարդ էլ ՄԻԱՎ-ով է վարակվել ոչ անվտանգ ներարկիչների պատճառով:
ԱՀԿ-ն միաժամանակ ընդգծում է ներարկումների քանակը նվազեցնելու անհրաժեշտությունը: Շատ դեպքերում ներարկումները պայմանավորված չեն իրական անհրաժեշտությամբ եւ կարող են փոխարինվել դեղահաբերով:
Ներարկումներն ինֆեկցիոն հիվանդությամբ վարակման պատճառ են դառնում ողջ աշխարհում: Այսպես, պարզվել է, որ 2007 թվականին ԱՄՆ Նեւադա նահանգում հեպատիտի համաճարակի բռնկման պատճառը բժշկի կողմից հեպատիտ C-ով տառապող հիվանդին ցավազրկողի ընդամենը մի ներարկումն էր: Ներարկումից հետո բժիշկն օգտագործել է նույն ներարկիչը այլ ամպուլաներից ներարկման նյութ վերցնելու համար՝ այդպիսով հեպատիտի հարուցիչը փոխանցելով այդ ամպուլաների պարունակությանը:
Նոր «խելացի» ներարկիչները, որոնք ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս օգտագործել ներմկանային կամ ներմաշկային ներարկումների համար, պատրաստված են այնպես, որ դրանց կրկնակի օգտագործումը բացառված է: Որոշ մոդելներում ներառված է սեղմակի «թույլ տեղը»: Ներարկիչը ջարդվում է, եթե փորձ է արվում սեղմակը ետ քաշել: Կան մետաղե սեղմիչով մոդելներ: Մետաղյա սեղմիչը նույնպես բացառում է ներարկիչի կրկնակի օգտագործումը:
Բացի այդ՝ մշակվում են այնպիսի մոդելներ, որոնք կոչված են ապահովել բուժանձնակազմի անվտանգությունը: Ներարկումից հետո ասեղի ծայրն ավտոմատ կերպով փակվում է հատուկ գլխիկով, ինչը բացառում է հնարավոր մեխանիկական վնասվածքները:
Առանց պաշտպանիչ միջոցների ներարկիչների գինն զարգացող երկրների համար կազմում է 0.003-0.004 դոլար: «Խելացի» ներարկիչն առնվազն երկու անգամ թանկ է: ԱՀԿ-ն կոչ է անում դոնորներին սատարել անցումը նոր ներարկիչների՝ հույս հայտնելով, որ պահանջարկի աճին զուգընթաց կիջնեն գները:






