Դեպրեսիան, շիզոֆրենիան, տագնապային նոպաները կարող են վաղաժամ մահվան պատճառ դառնալ: Մասնագետների հաշվարկներով՝ հոգեկան խանգարումներով մարդիկ առողջ մարդկանցից միջինում տաս տարի քիչ են ապրում: Ամեն տարի մահանում է նշյալ խանգարումներով տառապող 8 մլն մարդ, հայտնում է WebMD-ն: Այս եզրահանգման են եկել գիտնականները վերջին տասնամյակներին անցկացված 200 միջազգային ուսումնասիրության արդյունքները հաշվի առնելով:
Չնայած այն փաստին, որ կապը վաղաժամ մահվան և հոգեկան բնույթի հիվանդությունների միջև ապացուցված է, մասնագետները պնդում են, որ մահվան դեպքերի մեծ մասը միանգամայն այլ պատճառներ ունի:
Երբ խոսում են հոգեկան խանգարումներով մարդկանց մահվան մասին, ակամայից այդ մահն ասոցացվում է ինքնասպանության հետ, սակայն մահվան դեպքերի մեծ մասը բնական պատճառներով է տեղի ունենում:
Ոչ բնական պատճառներով (դժբախտ պատահար, ինքնասպանություն) մահվան ցուցանիշները այս հիվանդների մոտ 7 անգամ բարձր են առողջ մարդկանց համեմատ: Հոգեկան շեղումները շատ հաճախ քրոնիկ հիվանդությունների պատճառ են դառնում, ինչը նույնպես հանգեցնում է մահվան: Բացի այդ՝ սոմատիկ հիվանդությունները, որոնք ավելի հաճախ հանդիպում են հոգեկան խնդիրներով տառապող մարդկանց մոտ, հասցնում են մահացության աստիճանը 80 տոկոսի:






