ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանի գլխավորած հանձնաժողովը ստուգումներ է անցկացրել ՀՀ բոլոր բուժհաստատություններում։ Արձանագրվել է անվտանգության և հիգիենայի ապահովման կանոնների մի քանի խախտում։ Այս մասին այսօր, փետրվարի 25–ին,  ասուլիսին հայտնեց ինքը Արտավազդ Վանյանը։

Նրա խոսքով՝ բացահայտված խախտումների մասին հանձնաժողովը իրազեկել է առողջապահության նախարարին։ Այս տարվա ընթացքում բոլոր խախտումները պետք է շտկվեն, այս նպատակով հատուկ ծրագիր է մեկնարկելու, որի շրջանակներում բարձրացվելու է բուժաշխատողների կրթվածության մակարդակը, ներհիվանդանոցային վարակների կանխարգելման ապահովման դասընթացներ են անցկացվելու, շեշտվելու է բուժգործիքների ճիշտ ստերիլիզացման ողջ կարեւորությունը։

«Ծրագիրը կմեկնարկի մոտ ժամանակներս, բուժանձնակազմի վերապատրաստման լայնածավալ աշխատանքներ են իրականացվելու։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բոլոր բուժհաստատությունները պատրաստ են համագործակցության։ Չկան այնպիսիք, որտեղ ոչինչ չեն ուզում փոխել», - նշեց Արտավազդ Վանյանը։

Բանախոսը ընդգծեց նաեւ, որ բուժգործիքների եւ ներհիվանդանոցային վարակների հետ խնդիրներ կան ամբողջ աշխարհում եւ պետք է անել հնարավոր ամեն ինչ դրանց մակարդակը նվազեցնելու համար։ Այս նպատակով անցկացվող բուժհաստատությունների մոնիտորինգը շարունակվելու է նաեւ հետագայում։

Իսկ ինչ վերաբերում է Քաջարանի բժշկական կենտրոնին, որի պատճառով էլ հենց ձեռնարկվել են ստուգումները, ապա, Արտավազդ Վանյանի խոսքով, վիրահատարանն այնտեղ արդեն պատրաստ է եւ շուտով կգործարկվի։