Հայաստանն այսօր պատրաստ է դիմակայել Էբոլային եւ մի շարք այլ հիվանդություններին։ Այս մասին  այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը։

«Էբոլան իսկապես վտանգավոր հիվանդություն է։ Մենք նույնիսկ ուսումնական պարապմունքներ ենք անցկացրել՝ պարզելու համար, ինչքանով է Հայաստանը պատրաստ դիմակայել դրան։ Մենք արդեն Էբոլայի ախտորոշման թեստեր ունենք, այնպես որ կարող ենք շատ արագ ախտորոշել այս հիվանդությունը։ Մենք փոխառել ենք նաեւ ԱՀԿ-ի կողմից մշակած գործողությունների ալգորիթմը», - նշեց բանախոսը։

Նրա խոսքով՝ Էբոլայի նման հիվանդությունները ոչ միայն առողջապահական ոլորտի խնդիր են, այլ նաեւ ամբողջ երկրի, այդ պատճառով մնացած գերատեսչությունները եւս պետք է պատրաստ լինեն պայքարին եւ անհրաժեշտության դեպքում կանխարգելիչ միջոցներ ձեռնարկեն։

«Ես այն կարծիքին եմ, որ մենք պատրաստ ենք դիմակայել Էբոլային, ինչպես նաեւ այլ հիվանդություններին։ Պանիկան կարող է ի հայտ գալ միայն այն դեպքում, եթե առողջապահական համակարգը ի վիճակի չէ վերահսկել իրավիճակը։ Եթե այն վերահսկվում է, պանիկա ստեղծվել չի կարող», - նշել է Արտավազդ Վանյանը։

Նրա խոսքով՝ Էբոլան վերջերս ավելի քիչ է քննարկվում, քանի որ արդեն գոյություն ունեն անհրաժեշտ պատվաստանյութերը, եւ դրանք բավականին արդյունավետ են թվում։ Դրանց շնորհիվ հատկապես հիվանդության շուրջ պանիկան սկսել է նվազել։ Բացի այդ՝ բանախոսի պնդմամբ՝  այժմ հնարավորություն կա նաեւ զգալիորեն կանխել հիվանդության տարածումը՝ կասեցնելով աֆրիկյան երկրներից դուրս գալու դրա հնարավորությունները։ Դա եւս նպաստում է խնդրի լուծմանը։