Պետական պատվերի շրջանակում 32 ծրագրերի գծով 2014 թվականին իրականացվել է 60.4 մլրդ դրամի ֆինանսավորում, հաստատվել է 2015 թ. պետական պատվերի տեղադրման նոր կարգը՝ կոռուպցիոն ռիսկերը կրճատելու նպատակով: Այս մասին ասվում է կառավարություն ներկայացրած Առողջապահության նախարարության հաշվետվության մեջ։

2014 թ. հուլիսի 1-ից 60-70 տոկոսով բարձրացվել է ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների բուժաշխատողների աշխատավարձը, 2015 թ. պետական բյուջեով հաստատվել և առողջապահության ոլորտում ներդրվել է 5 նոր ծրագիր՝ 669.9 մլն. դրամ ընդհանուր արժեքով, այդ թվում` սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագիրը՝ 500.0 մլն դրամ գումարով: Բարելավվել է սոցիալական փաթեթի շահառուների բժշկական օգնության և սպասարկման կարգը. 2015 թ. հունվարի 1-ից ներդրվել է տարեկան կանխարգելիչ պարտադիր բժշկական զննության բաղադրիչը, ընդլայնվել է սոցփաթեթի շահառուների ցանկը և առաջարկվող բժշկական ծառայությունների շրջանակը:

Հայաստանի ողջ տարածքում գործարկվել է շտապօգնության տեղեկատվական-վերլուծական համակարգը և 1-03.am կայքը, 2014 թ. օգոստոսի 1-ից իրականացվել է 10 մարզերի առողջապահական համակարգի քարտեզագրում: Շարունակվել է Դեղերի պատշաճ արտադրական գործունեության (ՊԱԳ) ներդրման գործընթացը, որի արդյունքում 2014 թ. երկու դեղագործական ընկերությունների տրամադրվել է ՊԱԳ համապատասխանության հավաստագիր:

Ընթացքի մեջ են նաև «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նոր նախագծի մշակման աշխատանքները: