ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին մշակել եւ կառավարություն ներկայացնել պետպատվերի համակարգի նկատմամբ քաղաքացիների վստահության ավելացմանը միտված միջոցառումներ եւ բուժաշխատողների աշխատավարձի բարձրացմանն ուղղված ծրագրեր: Այսօր, փետրվարի 25–ին կառավարությունում ներկայացվել է ՀՀ ԱՆ հաշվետվությունը, ինչից հետո վարչապետ Աբրահամյանն առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ուշադրությունը հրավիրել է պետպատվերի տեղադրման գործընթացի թափանցիկության եւ հասցեականության խնդրի վրա, որպեսզի կոռուպցիոն ռիսկերը բացառվեն եւ պետբյուջեից ուղղվող ֆինանսական միջոցները ծախսվեն ըստ նպատակայնության:

Սոցիալական փաթեթի շրջանակում առաջարկվող ծառայությունների առնչությամբ վարչապետը նշել է, որ եւ´ շահառուների, եւ´ բուժհաստատությունների շրջանում տեղեկացվածության պակաս կա, եւ հանձնարարել առողջապահության նախարարին Երեւանում ու մարզերում ակտիվացնել հանրային իրազեկման աշխատանքները: Գործադիրի ղեկավարը հանձնարարել է սեղմ ժամկետում ավարտին հասցնել եւ կառավարության հաստատմանը ներկայացնել «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը: Հովիկ Աբրահամյանը ողջունել է նաեւ տեղական դեղագործական ընկերություններին պատշաճ արտադրական գործունեության հավաստագրի տրամադրումը եւ նշել, որ կառավարությունը հնարավորինս կաջակցի հայրենական արտադրության դեղերի արտահանմանը:

Ամփոփելով քննարկումը՝  կառավարության ղեկավարը հանձնարարել է առողջապահության նախարարին եւ նախարարության կառավարման ոլորտում գտնվող մարմինների ղեկավարներին՝ ուշադրության կենտրոնում պահել եւ պարբերաբար վերահսկել ընթացիկ գերակա խնդիրների կատարումը եւ ծրագրերի իրականացումը: