Ալյուրը երկաթով հարստացնելու ՀՀ ԱՆ նախագիծը մի շարք թերություններ ունի եւ բազմաթիվ հարցեր է առաջ քաշում, կարծում է «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանը։ Նրա խոսքով՝ ԱՀԿ չափանիշներով՝ ալյուրը ֆոլաթթվով հարստացնելու համար երկաթի պակաս պետք է լինի բնակչության 40 տոկոսի մոտ՝ ընդ որում՝ ամբողջ բնակչության, այլ ոչ թե միայն հղի կանանց ու երեխաների մոտ, այնինչ 2005 թվականի տվյալներով, որոնց վրա է հիմնվում նախագիծը, այս ցուցանիշը միայն հղիների ու երեխաների մոտ 40 տոկոսից ցածր է:
NEWS.am Medicine-ի հետ զրույցում Պիպոյանը նշեց, որ եթե հետազոտության տվյալները ճիշտ են, ապա անեմիայի նույն պատկերը պետք է ի հայտ գա զորակոչի ընթացքում, ինչը տեղի չի ունենում: Այս փաստը «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությանը հիմք է տալիս կասկածանքով վերաբերվել ներկայացված թվերին: Հասարակական կազմակերպությունն այժմ իր առջեւ նպատակ է դրել հասնել լայնածավալ հետազոտության անցկացմանը:
Երկրորդը, ինչի վրա ուշադրություն հրավիրեց փորձագետը, այն հանգամանքն է, որ եթե երկաթի պակասը այդքան մեծ խնդիր է, ինչու հեռուստատեսությամբ սոցիալական որեւէ գովազդ չի հեռարձակվում, իսկ պոլիկլինաների պատերին փակցված չեն երկաթի պակասի վտանգի մասին պատմող եւ համապատասխան սննդակարգ գովազդող կանխարգելիչ պաստառները:
Իսկ անվտա՞նգ է արդյոք հարստացված այդ ալյուրի օգտագործումը երկաթի պակաս չունեցող մարդկանց համար: Բանախոսը այս հարցադրման վրա եւս ուշադրություն հրավիրեց: Նրա խոսքով՝ որոշ բժիշկներ նշում են, որ նույնչափ վտանգավոր են ինչպես երկաթի պակասը, այդպես էլ օրգանիզմի գերհագեցվածությունը դրանով:
Բանախոսը անդրադարձավ նաեւ խնդրի տնտեսական բաղադրիչին: Իր գլխավորած հասարակական կազմակերպության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս գործընթացը կհանգեցնի ալյուրի թանկացմանը՝ հակառակ նախաձեռնության կողմնակիցների պնդումների: Եվ, ամենախնդրահարույց, ըստ Պիպոյանի, հանգամանքը սպառողների ընտրության ազատության իրավունքի իրացումն է: Հենց այստեղ է նա տեսնում ամենամեծ վտանգը: «Եթե Երեւանում ոչ հարստացված ալյուրից պատրաստած հացը կազմելու է 5 տոկոս եւ այն ձեռք բերելու համար մարդը ստիպված կլինի հինգ կանգառ երթեւեկել տրանսպորտով, սա ամենեւին էլ չի խոսում սպառողների իրավունքների պաշտպանության մասին», - նշեց Պիպոյանը: Շատ մեծ կասկած է հարուցում նաեւ կառավարության կողմից այս ծրագրի պատշաճ վերահսկումը: Հնարավոր է, որ արտադրողները փորձեն մոլորեցնել սպառողին հացը պիտակավորելիս:
Փորձագետը առաջարկում է սկզբում պիլոտային ծրագիր ներդնել Երեւանի վարչական շրջաններից կամ երկրի մարզերից մեկում՝ տեսնելու համար, թե ինչպես է այս ամենն իրագործվելու:






