Ամեն տարի մոտ 200 կին ընտանեկան բռնության զոհ է դառնում: Առնվազն նույնքան կին հարմարվում է բռնությանը եւ չի դիմում օգնության՝ չնայած նրան, որ ընտանեկան բռնության ցանկացած դրսեւորում վտանգավոր է ոչ միայն կնոջ, այլ նաեւ նրա երեխաների համար:

Ի՞նչ է ենթադրում ընտանեկան բռնությունը:

Այս հարցին կպատասխանի հոգեբան Մարինե Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ հիմնականում ընդունված է առանձնացնել ընտանեկան բռնության երեք հիմնական տեսակ:

1. Հոգեբանական բռնություն

Հոգեբանական բռնությունը բազմակողմանի երեւույթ է: Այն ենթադրում է վիրավորանքներ, ազատության կամ որեւէ մեկի հետ շփման ազատության սահմանափակում, նսեմացնում, վերբալ ագրեսիա եւ նույնիսկ խանդի ինտենսիվ դրսեւորումներ: Բռնության այս տեսակը հանգեցնում է մի շարք հոգեկան տրավմաների եւ ծանր դեպրեսիաների:

2. Ֆիզիկական բռնություն

Ֆիզիկական բռնությունը ծեծ է ենթադրում: Բռնության այս տեսակի դրսեւորումներ են վնասվածքների պատճառումը, կյանքին սպառնալը, ցավ պատճառելու եւ, առհասարակ,  ցանկացած վնաս պատճառելու փորձերը:

3. Սեռական բռնություն

Սեռական բռնությունը ենթադրում է ստիպողական բնույթի սեռական գործողություն: Ընդ որում՝ ստիպողականությունը կարող է ներառել ոչ միայն ֆիզիկական գործողություններ, այլեւ հոգեբանական ճնշում: Շատ տղամարդիկ, բռնության այս տեսակին դիմելով, իրենց գործողություններն արդարացված են համարում, քանի որ ամուսնացած են զոհի հետ: Իրականում օրենքն արգելում է նմանօրինակ ցանկացած գործողություն՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ հարաբերությունների մեջ են զոհն ու բռնության դիմած անձը:

Մեր զրուցակցի խոսքով՝ կանանց մեծամասնությունը դժվարությամբ է խոստովանում, որ սեռական բռնության զոհ է դարձել՝ պատմելով այդ մասին հոգեբաններին միայն մի քանի այցելությունից հետո:

Որոշ մասնագետներ առանձնացնում են նաեւ տնտեսական բնույթի բռնությունը, որի դեպքում ընտանիքի ավելի ունեւոր անդամները սահմանափակում են իրենց բարեկամների տնտեսական ազատությունը: