Ընտանեկան բռնությունը, ցավոք, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում տարածված երեւույթ է: Նշենք, որ մեր երկրում, մնացած, հատկապես մահմեդական  երկրների համեմատ, կնոջ հանդեպ վերաբերմուքը շատ ավելի լավն է:

Պատասխանելով NEWS.am Medicine-ի հարցերին՝ հոգեբան Մարինե Մարտիրոսյանը պատմեց, թե ինչ պետք է անեն բռնության զոհ դարձած կանայք.

1. Իմացեք Ձեր իրավունքները

Յուրաքանչյուր կին, մասնագետի խոսքով, պետք է քաջ ծանոթ լինի իր իրավունքներին: Այդ դեպքում խախտել այդ իրավունքները շատ ավելի դժվար կլինի: Ծանոթացեք օրենսդրությանը կամ էլ խորհրդակցեք իրավաբանի հետ: Թող նա բացատրի, որոնք են Ձեր իրավունքները եւ որ օրենքներով եք պաշտպանված Դուք եւ Ձեր երեխաները: Հիշեցնենք, որ մեր երկրում կան բազմաթիվ իրավաբաններ, որոնք անվճար խորհրդատվություն են տրամադրում, այդ պատճառով ֆինանսական միջոցների սղությունը խոչընդոտ չի կարող հանդիսանալ:

2. Մի հանդուրժեք

Հոգեբանը խորհուրդ է տալիս չհանդուրժել բռնությունը եւ չհարմարվել դրան: Ինչպես ցույց է տալիս փորձը, բռնությունն ընտանիքում ժամանակի ընթացքում ինտենսիֆիկացվելու հատկություն ունի: Եվ եթե մարդը իրեն թույլ է տալիս, օրինակ, հոգեբանական բռնության դիմել ընտանիքի ավելի թույլ անդամների նկատմամբ, ապագայում նա, հնարավոր է, կդիմի նաեւ ֆիզիկական բռնությանը: Այդ պատճառով պետք է կանխել ազատության սահմանափակման ու բռնության առաջին իսկ փորձերը:

3. Օգնության դիմեք

Հայաստանում գործում են մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնք անվճար իրավաբանական ու հոգեբանական օգնություն են տրամադրում ընտանեկան բռնության զոհերին եւ նրանց երեխաներին: Որոշ դեպքերում այս կազմակերպությունները կարող են օգնել ժամանակավոր կացարան եւ աշխատանք գտնել, ինչպես նաեւ հասկանալ, ինչպես դուրս գալ ստեղծված իրավիճակից: Այդպիսի կազմակերպություններից մեկն է «Կանանց իրավունքների կենտրոնը», որտեղ աշխատում է Մարինե Մարտիրոսյանը:

Ահա մի քանի հեռախոսահամար, որոնցով զանգահարելով ընտանեկան բռնության զոհերը կարող են անվճար օգնություն եւ խորհրդատվություն ստանալ:

«Կանանց իրավունքների կենտրոն»: +374-10-54-28-28, 0 800 80 850

«Կանանց ռեսուրսային կենտրոն»: +374-60-445626, 0 800 01 280