Առողջապահության նախարարի հանձնարարությամբ` Գյումրիի Գարեգին Նժդեհ 2 հասցեում գտնվող հանրակացարանի հիվանդների առողջական վիճակն ուսումնասիրելու նպատակով Շիրակի մարզ են մեկնել ՀՀ ԱՆ գլխավոր մաշկավեներաբան Կարեն Բաբայանը եւ ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը: Այս մասին NEWS.am Medicine- ին հայտնեցին Առողջապահության նախարարության մամուլի ծառայությոնւնից։
Ըստ հաղորդագրության, տեղի մասնագետների հետ կազմակերպվել եւ իրականացվել է համաճարակաբանական հետազոտություն, որի արդյունքում հաստատվել է մաշկի թարախաբշտիկային հիվանդություն (պիոդերմիա) ախտորոշումը եւ նշանակվել է բուժում:
Պիոդերմիան (մաշկի թարախաբշտիկային հիվանդություններ) մաշկային հիվանդությունների խումբ է, որոնց հարուցիչները ստաֆիլոկոկերը եւ ստրեպտոկոկերն են: Հատկապես վտանգավոր են երեխաների մաշկի թարախաբշտիկային հիվանդությունները, որոնց մաշկը եւ ամբողջ օրգանիզմը զգայուն են ստաֆիլոկոկերի եւ ստրեպտոկոկերի նկատմամբ: Առողջ մարդկանց մաշկային ծածկույթների վրա գրեթե միշտ կարելի է հայտնաբերել ստաֆիլոկոկերը եւ ստրեպտոկոկեր: Որոշակի պայմաններում դրանք դառնում են ախտածին` առաջացնելով թարախաբշտիկային հիվանդություններ:
Մաշկի թարախաբշտիկային հիվանդությունների առաջացմանը կարող են նպաստել մի շարք գործոններ, օրինակ` ժամանակին չմշակված քերծվածքները, կտրած վերքերը, մաշկի մշտական կեղտոտումը, օրգանիզմի գերսառեցումը եւ գերտաքացումը, վիտամինների անբավարարությունը, նյութափոխանակության խանգարումները, հյուծող քրոնիական հիվանդությունները, անձնական հիգիենայի կանոնների խախտումը եւ այլն: Այս հիվանդությունների խումբը չի կարող ունենալ զանգվածային տարածում եւ վարակը կարող է առաջանալ վերոհիշյալ գործոնների առկայության պայմաններում:
Հիվանդների առողջական վիճակի հսկողությունը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարության ուշադրության ներքո:






