Ամեն տարի մոտ 1.5 միլիոն ամերիկացի է մահանում սխալ ընտրված դեղորայքի պատճառով: Փորձագետների խոսքով՝ մահանում են հիմնականում տարեցները:
«Ամեն ժամը մեկ իր տան մեջ սխալ ընտրված դեղորայքի պատճառով մեկ մարդ է մահանում», - Newsmax Health-ին տված հարցազրույցում նշում է Մայքլ Նեգրետը դեղատների Կալիֆորնիայի հիմնադրամից:
Ստորեւ ներկայացնում ենք տարեց մարդկանց համար վեց ամենավտանգավոր դեղերի ցանկը: Փորձագետները հորդորում են շատ զգուշորեն օգտագործել դրանք:
- Դիաբետով տառապողների համար նախատեսված այն դեղորայքը, որը շատ երկար է դուրս բերվում օրգանիզմում: Դրա վառ օրինակն է Diabenes-ը (քլորպրոպրամիդը): Տարեց մարդկանց դեպքում այս դեղամիջոցները կարող են հանգեցնել երկարատեւ գիպոգլիկեմիայի: Օրգանիզմից ավելի շուտ դուրս բերվող դեղամիջոցները՝ օրինակ, Glucotrol-ը (գլիպիզիդը) շատ արդյունավետ կերպով կարող են փոխարինել վտանգավոր այս դեղորայքը:
- Հակագիստամինները, հակախոլիներգիկ դեղամիջոցները: Դրանց վառ օրինակն է Դեմիդրոլը (Benadryl-ը եւ այլն): Նախընտրելի չէ այս դեղորայքի օգտագործումը տարեց մարդկանց կողմից, քանի որ այն կարող է հանգեցնել ընկալողունակության խնդիրների, բերանում չորության զգացումների, կոգնիտիվ խախտումների եւ նույնիսկ զառանցանքի առաջացմանը: Արդյունավետ այլընտրանք են համարվում Allegra-ն (ֆեկսոֆենադինը) եւ Claritiny-ը (լորատադին):
- Միոռելաքսանտները: Հատկապես վտանգավոր են Flexeril-ը, Robaxin-ը: Մի շարք այլ դեղամիջոցներ եւս կարող են կողմնակի ազդեցություն ունենալ: Այդ պատճառով շատ ավելի նախընտրելի է փոխարինել դրանք ֆիզիոթերապիայով եւ բուժման այլընտրանքային մեթոդներով:
- Փորկապության դեմ միներալային յուղերը: Այս դեղամիջոցները տարեց մարդկանց մոտ կարող են թոքերի բորբոքում առաջացնել: Փորկապությամբ տառապող տարեց մարդկանց խորհուրդ է տրվում շատ հեղուկ օգտագործել:
- Բենզոդիազեպիններ: Valium-ն ու նմանօրինակ դեղամիջոցները պետք է մեծ զգուշությամբ օգտագործել, քանի որ դրանք կարող են վատթարացնել կոգնիտիվ խախտումները կամ առաջացնել դրանք: Երբեմն այդ դեղամիջոցները զառանցանք եւ տարածության մեջ կողմնորոշման հետ կապված խնդիրներ են առաջացնում: Այս դեղորայքի փոխարեն շատ ավելի լավ է պայքարել տագնապային խախտումների դեմ այլ, ոչ դեղորայքային բուժման միջոցով:
Կալիում խնայող դիուրետիկներ: Այստեղ իր վտանգավորությամբ առանձնանում է Triamterene-ը, ինչպես նաեւ ամիլորիդ եւ սպիրոնոլակտոն նյութերը: Դրանք պետք է շատ զգույշ օգտագործել, քանի որ երբեմն որպես կողմնակի ազդեցություն կարող են հանդես գալ երիկամային խանգարումները եւ առիթմիան:






