Այս հետաքրքիր տեսանյութում կարելի է տեսնել, ինչպես է 21-ամյա Սարա Բրաուտիգամի սիրտը դադարում աշխատել եւ նրա մոտ մեկ րոպե տեւողությամբ կլինիկական մահ է արձանագրվում: Աղջկա համար սա սովորական երեւույթ է: Հազվադեպ հիվանդության պատճառով նա տարվա մեջ մոտավորապես 36 անգամ կլինիկական մահ է տանում:
Չորս տարի առաջ Սարայի մոտ պոստուրալ օրտոստատիկ տախիկարդիա (հաճախասրտություն) էր ախտորոշվել, որի պատճառով նրա սրտի աշխատանքը ժամանակ առ ժամանակ արագանում է, իսկ զարկերակային ճնշումը՝ անկում ապրում, ինչից հետո էլ դադարում է սրտի աշխատանքը, վրա է հասնում կլինիկական մահը:
Խնդիրն էլ ավելի է բարդանում այն պատճառով, որ կլինիկական մահվան ընթացքում սրտաթոքային վերակենդանացումն անիմաստ է, անիմաստ է նաեւ թթվածին տալը, քանի որ այն ընդամենը կերկարաձգի այս նոպան: Բժիշկներին մնում է միայն ցավեցնել աղջկան, որպեսզի օրգանիզմը, արձագանքելով ցավին, վերակենդանանա: Հենց այդ պատճառով աղջիկը երբեմն վնասվածքներով ու կապտուկներով է արթնանում:
Նրա խոսքով՝ կլինիկական մահվան ընթացքում նա թունելի վերջում ոչ մի լույս էլ չի տեսնում, հակառակը՝ շուրջն ամեն ինչ մթագնում է, եւ որոշ ժամանակ աղջիկը շարունակում է լսել մարդկանց ձայները, սակայն պատասխանել նրանց կամ շարժվել չի կարողանում:
Այս նոպաներից մեկը արձանագրած տեսանյութն արվել է 2012 թվականի հունիսի 27-ին Նորտերն ոչ մասնագիտացված հիվանդանոցում (Հարավային Յորկշիր, Մեծ Բրիտանիա): Վերջերս այն, բրիտանուհու համաձայնությամբ, հայտնվել է համացանցում:
Այս սինդրոմից զատ՝ աղջիկը տառապում է նաեւ հոդերի գերշարժունակությամբ, որի պատճառով նրա հոդերը հաճախ են վնասվում: Այս երկու խնդիրների պատճառով աղջիկը բժիշկներին այցելում է տարեկան մոտ 64 անգամ, չի կարողանում նորմալ աշխատել եւ սպորտով զբաղվել:






