Շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ ավելի հաճախ է զարգանում տագնապի զգացումն ու դեպրեսիան՝ ի տարբերություն ալ քրոնիկ հիվանդություններով տառապող մարդկանց: Այս երեւույթի պատճառները ստույգ հայտնի չեն, սակայն Ջոսլին կենտրոնի մասնագետները փորձել են բացատրություն գտնել:
«Գենետիկորեն մոդիֆիկացված մկների միջոցով (որոնց ուղեղն ինսուլինի նկատմամբ կայունություն է զարգացրել) մենք առաջին անգամ բացահայտեցինք այն մեխանիզմը, որը իջեցնում է դոֆամինի (դեպրեսիայի ու տագնապալից զգացումների հիմնական մեդիատոր) մակարդակը գլխուղեղի տարբեր հատվածներում», - նշել է հետազոտության հեղինակ, Հարվարդի բժշկական դպրոցի պրոֆեսոր Ս. Ռոնալդ Կանը (C. Ronald Kahn):
Այն թեստերը, որոնց շնորհիվ գնահատվում էր կրծողների վարքագծային մոդելը, թույլ տվեցին վերհանել հետեւյալ օրինաչափությունը: Պարզվեց, որ քանի դեռ մկները երիտասարդ էին, կարողանում էին հաղթահարել սթրեսը: Բայց 17 ամսական հասակում (հասուն տարիքի ավարտ) կրծողների մոտ վարքագծային խախտումներ էին ի հայտ գալիս:
Ուսումնասիրելով այս մկների ուղեղը՝ գիտնականները միտոքոնդրիումներում մետաբոլիզմի փոփոխություններ արձանագրեցին: Նշենք, որ հենց միտոքոնդրիումներն են պատասխանատու բջիջներն էներգիայով ապահովելու համար: Ձեւափոխված միտոքոնդրիումները նպաստում էին դոֆամինը քայքայող երկու ֆերմենտների ձեւավորմանը: Հակադեպրեսանտներ օգտագործելու դեպքում դոֆամինի քայքայման պրոցեսը դանդաղանում է եւ վարքագծային որոշ խնդիրներ կարող են վերանալ: Մասնագետների կարծիքով՝ նմանատիպ միտում գոյություն ունի նաեւ շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:






