Ամերիկացի գիտնականները բացառիկ պրոցեդուրա են մշակել, որը հնարավորություն է ընձեռնում լազերի միջոցով փոխել աչքերի գույնը: Այս պրոցեդուրայից հետո շագանակագույն աչքերը կարող են կապույտ դառնալ:
Stroma Medical ընկերության կողմից մշակած նոր բժշկական պրոցեդուրան կարող է փոխել աչքերի գույնը՝ շագանակագույնը դարձնելով կապույտ: Այս պրոցեդուրայի ընթացքում լազեր է օգտագործվում, որի միջոցով բժիշկը հեռացնում է աչքի թաղանթի վրայից շագանակագույն մելանինը:
«Այս պրոցեդուրայի առանցքային սկզբունքը կայանում է նրանում, որ աչքի շագանակագույն գույնի տակ միշտ թաքնվում է կապույտը», - պատմում է նոր մեթոդի հեղինակներից մեկը՝ Գրեգ Հոմերը: «Իրականում կապույտ պիգմենտավորում գոյություն չունի: Շագանակագույն եւ կապույտ աչքերի միջեւ միակ տարբերությունը մելանինի բարակ շերտն է աչքի թաղանքի վրա: Եթե դուք հեռացնեք այս պիգմենտը, լույսը կկարողանա ներթափանցել մինչեւ ստրոմաներ, որոնք իրենցից մանր թելիկներ են ներկայացնում: Երբ լույսը ցրվում է, արտացոլվում են միայն կարճ ալիքները, որոնք էլ հենց կապույտ գույն են ենթադրում»:
Մասնագետի խոսքով՝ նույն էֆեկտն է ի հայտ գալիս, երբ արեւի լույսը ցրվում է երկնքով մեկ, ինչի պատճառով երկինքը կապույտ է դառնում: Ընկերությունը մշակել է բժշկական պրոցեդուրա, որի շնորհիվ հնարավոր է դառնում հեռացնել աչքի վրայից պիգմենտային շերտը: Պրոցեդուրան 20 վայրկյան է տեւում:






