Վանդերբիլտի համալսարանի բժշկական կենտրոնի մասնագետների հետազոտության համաձայն՝ եթե մարդը հետեւի իր սրտի առողջությանը, ապագայում Ալցհեյմերի հիվանդություն ձեռ բերելու վտանգը զգալիորեն նվազում է: Թույլ սրտամկանը, ընդհակառակը, խոսում է տկարամտության զարգացման հավանականության մասին: Մասնագետները պարզել են, որ հիվանդ սրտով մարդիկ շատ ավելի հաճախ են բախվում հիշողության տարիքային կորստի հետ:

«Սրտի աշխատանքն անմիջականորեն ազդում է տկարամատության, ինչպես նաեւ Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականության վրա», - նշում են հետազոտության հեղինակները՝ որպես ապացույց ներկայացնելով հազար մարդ ներառող եւ 11 տարի տեւած հետազոտության արդյունքները: Այս ընթացքում հետազոտության 32 մասնակցի մոտ տկարամտություն է զարգացել, 26-ի մոտ՝ Ալցհեյմեր է ախտորոշվել: Սրտի աշխատանքի ինդեքսի համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ սրտի ֆունկցիաների խանգարման դեպքում շատ ավելի հավանական է դառնում ծերունական տկարամտության զարգացումը:

Գիտնականները նշում են, որ սրտի առողջությունն այն գործոնն է, որը ենթակա է փոփոխման ճիշտ սննդակարգի եւ ֆիզիկական վարժությունների դեպքում: Այդ պատճառով, նույնիսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարդն ի զորու չէ փոխել իր ժառանգականությունը, միեւնույն է հնարավոր է պաշտպանվել Ակցհեյմերով պայմանավորված ծերունական տկարամտությունից: Ընդ որում՝ երբեք ուշ չէ սկսել բարելավել սրտի առողջությունը, պարզաբանում են մասնագետները: