Ֆրանսիական Servier ընկերության Դիաբետոն դեղորայքը, համաձայն ընկերության եւ ՀՀ ԱՆ- ի միջեւ ստորագրված պայմանագրի, Հայաստանի բուժհաստատություններում կհայտնվի ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակից սկսած: Իսկ մինչ այդ էնդոկրինոլոգները հիվանդներրին հնդկական արտադրության ջեներիկներ կտրամադրեն, որոնց ձեռքբերման պայմանագիրը ստորագրվել է դեռեւս անցած տարի:

Ֆրանսիական այս դեղորայքի հետ կապված հարցերը հետաքրքրեցին մեզ այն պատճառով, որ խմբագրությունը բազմաթիվ բողոքներ էր ստացել շաքարային դիաբետով հիվանդներից, որոնց պոլիկլինիկաներում տարվա սկզբից անընդհատ ասում են մեկ բան՝ «մյուս շաբաթ եկեք»: Այդ մյուս շաբաթը, փաստորեն, կսկսվի 2015 թվականի ապրիլի 1-ից:

Հիշեցնենք, որ ֆրանսիական հիշյալ ընկերությունն իր Դիաբետոն դեղորայքով երկու տարվա ընդմիջումից հետո կրկին հաղթանակ է տարել հակադիաբետիկ դեղերի պետգնումների տենդերում՝ զգալիորեն իջեցնելով դեղամիջոցի գինն ու խոստանալով դեղերի պահանջարկի 10 տոկոսը տրամադրել Հայաստանին անվճար: ՀՀ ԱՆ-ի հաղորդագրության մեջ մի նախադասությամբ նշվում էր, որ «բժշկական կազմակերպությունները ստացել են հնդկական դեղի եռամսակային խմբաքանակը եւ այդ դեղն են իրացնելու մինչեւ ֆրանսիական խմբաքանակի հասնելը»: Սակայն, պարզվում է, ոչ բոլորն էին հասկացել այս նախադասության իմաստը, այն է, որ ֆրանսիական դեղը տրամադրվելու է երկրորդ եռամսյակից։

Նշենք նաեւ, որ հնդկական ջեներիկների նկատմամբ բժիշկների ու հիվանդների վերաբերմունքը միանշանակ չէր: Կային բազմաթիվ բողոքներ, բայց դա չխանգարեց նույն հնդկական ընկերությանը հակադիաբետիկ միջոցների պետգնումների հիշատակված տենդերում հաղթել մնացած երկու հայտով՝ շրջանցելով տեղական «Արփիմեդ» ընկերությանը: