Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանձնարարել է  Հայաստանի բուժհիմնարկներում իրականացրած ստուգումների ընթացքում արձանագրված խնդիրները տարանջատել օրենսդրական կարգավորման եւ կազմակերպչական մասերի։ ՀՀ ԱՆ Առողջապահական պետական տեսչությանը նախարարությունում այսօր, մարտի 9–ին, կայացած կոլեգիայի նիստում հանձնարարվել է խստորեն վերահսկել բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների համաճարակային իրավիճակը` անկախ սեփականության ձեւից։ Այս մասին NEWS.am Medicine–ին հայտնեցին ՀՀ ԱՆԲ մամուլի ծառայությունից։

Կոլեգիան քննարկեց Հայաստանի Հանրապետությունում ներհիվանդանոցային վարակների կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի գործընթացի վերաբերյալ հարցը։  ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը ներկայացրեց նախարարի հրամանով իրականացված ուսումնասիրությունների արդյունքները։

Ուսումնասիրությունները կատարվել են հանրապետության 108 խոշոր բժշկական կենտրոնում, որից 60-ը` մարզերում։ Բանախոսը մանրամասն ներկայացրեց, թե մարզային բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում ինչպիսի թերություններ եւ բացթողումներ են առկա ներհիվանդանոցային վարակների կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի գործընթացում։ Կարեւորվեցին վարակների վերահսկման ծրագրերի ներդրման, համաճարակաբանի առկայության, համաճարակային պատշաճ հսկողության իրականացումը, մի շարք բժշկական կենտրոններում շուրջօրյա ջրամատակարարման ապահովումը։

Շեշտվեց, որ մեծ է վարակների ռիսկայնությունը կոսմետոլոգիական եւ տատուի կենտրոններում, որոնք չեն լիցենզավորվում։

Անդրադառնալով խնդիրներին, բանախոսն ընդգծեց օրենսդրական դաշտում առկա բացերի եւ վիճակագրական տվյալների բացակայությունը։

Ելույթների ժամանակ ընդգծվեց հիվանդանոցի համաճարակաբանի առկայության կարեւորությունը, նրանց մասնագիտական կարողությունների եւ գիտելիքների զարգացման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ ԵՊԲՀ-ում կլինիկական համաճարակաբանության կրթական ծրագրի ներդրումը։ Հանձնարարվեց միաժամանակ կարճաժամկետ դասընթացներ կազմակերպել ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում։

Կոլեգիան ընդունեց համապատասխան որոշում։

Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալով աշխարհում տարեկան ավելի քան 1.4 մլն մարդու հիվանդանոցային բուժման ընթացքը բարդանում է ներհիվանդանոցային վարակներով։ Անգամ զարգացած երկրների ամենաժամանակակից հիվանդանոցներում բուժում ստացողների առնվազն 5-12 տոկոսի մոտ զարգանում են բուժման հետ կապված վարակային բարդություններ։ Ընդ որում ԱՄՆ-ում այն կազմում է 5-6%, ԵՄ-ում ՝ 7.1%, իսկ զարգացող երկրներում՝ 25-40%։ ՌԴ-ում՝ 8-10%, Բելառուսում՝ մինչեւ 35%, Ղազախստանում՝ 7-20%։