Կրծքով կերակրելու հարցում երիտասարդ մայրիկներին շատ են խանգարում… տատիկները՝ նրանց մայրերն ու սկեսուրները: Բժիշկ-նեոնատոլոգ Հեղինե Սարգսյանը նույնիսկ այս իրադրությանը վերաբերող հատուկ տերմին ունի՝ «գերազանցիկ տատիներ»՝ այսինքն, այն կանայք, որոնք ժամանակին շատ լավ են սերտել այդ տարիների բոլոր խորհուրդները: Դրանցից են՝ երեխային կերակրել ռեժիմով, կերակրել միայն նստած, ոչ մի դեպքում երեխային սեփական տեղաշորի վրա չդնել, իսկ վնասված պտուկները մշակել «զելյոնկայով»:
Այդ ժամանակներից երիտասարդ մայրիկներին ուղղված խորհուրդները շատ են փոխվել՝ ելնելով, առաջին հերթին, երեխայի կարիքների ընկալումից, ինչպես նաեւ կրծքով կերակրելը ավելի հարմարավետ դարձնելու նպատակից: Այսպես, ժամանակակից մանկաբուժությունը խորհուրդ է տալիս երեխային կերակրել ոչ թե ռեժիմով, այլ երեխայի պահաջներին ի պատասխան, քանի որ կրծքով կերակրվելու ժամանակ երեխան ոչ միայն հագեցնում է քաղցը, այլ նաեւ հանգստացնում է նյարդային համակարգը: Ավելին՝ ինչքան շատ եք կերակրում կրծքով, այդքան ինտենսիվ է լակտացիան: Սակայն երեխաներին գիշերը կերակրելու խորհուրդը սարսափեցնում է տատիկներին: Նրանց համար կա եւս մեկ անհաղթահարելի խնդիր՝ խիժը: Տատիկների խորին համոզմամբ՝ առաջին կաթով կամ խիժով չի կարելի կերակրել երեխային, պետք է սպասել մինչեւ այն իր տեղը զիջի կաթին: Իսկ նեոնատոլոգները ստիպված են անընդհատ բացատրել տատիկներին, որ հենց խիժն է անհրաժեշտ երեխային կյանքի առաջին օրերին:
Իսկ վնասված պտուկների համար լավագույն միջոցը հենց կաթն է: Մայրական անկողնում էլ փոքրիկը ոչ մի սուր ինֆեկցիա ստանալ չի կարող, քանի որ բոլոր այդ ինֆեկցիաների հետ ծանոթացել է դեռեւս մոր արգանդում:
«Իսկ եթե կյանքի 5 կամ 6-րդ օրը երեխայի կղանքը կանաչ գույնի է դա, հակառակ տատիկների պնդումների, չի նշանակում, որ ցավում են երեխայի ականջները, դա նշանակում է, որ երեխայի կղանքը լավը չէ», - ամփոփում է մասնագետը:






