ՄԱԷ մայրաքաղաք Աբու Դաբի այցելելուց հետո Գերմանիայի քաղաքացին վարակվել է MERS կորոնավիրուսով, որը հայտնի է նաեւ որպես «ուղտի գրիպ»: Այս մասին է ասվում ԱՀԿ կայքում զետեղված հայտարարության մեջ:
Հիվանդության ախտանիշները 65-ամյա գերմանացու մոտ ի հայտ են եկել փետրվարի 10-ին՝ Աբու Դաբիից վերադառնալուց երկու օր անց: Մեկ շաբաթ հետո նա տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ շարունակում է բուժումը: Գերմանացու շրջապատում նոր վարակումներ չեն արձանագրվել:
Փետրվարին Աբու Դաբիում կորոնավիրուսից 38-ամյա արտասահմանցի է մահացել: Մահացածի քաղաքացիության մասին տեղեկություններ չկան, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
MERS-ը մերձարեւելյան ռեսպիրատոր սինդրոմի անգլերեն հապավումն է: Գիտնականները նշում են, որ վիրուսը փոխանցում են հիմնականում ուղտերը, այդ պատճառով այս հիվանդությունը երբեմն «ուղտի գրիպ» են անվանում:
Կորոնավիրուսը հայտնաբերվել է 2012 թվականի սպետեմբերին Սաուդյան Արաբիայում: Ամբողջ աշխարհում ԱՀԿ-ն արձանագրել է վարակման 1041 հաստատված դեպք, որից 383-ը մահացու ելք են ունեցել:






