Երեւանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում 2013 թվականի ընթացքում քաղաքապետարանի կողմից նախաձեռնվել եւ իրականացվել են անվճար բուժօգնության տարբեր ակցիաներ, որոնց շրջանակում անվճար բուժօգնություն են ստացել մայրաքաղաքի հազարավոր  բնակիչներ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am Medicine-ին հայտնեցին, թե 2013 թվականի մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում «Ձեզ համար կանայք» խորագրով ակցիայի շրջանակում համաբուժարաններ է դիմել ավելի քան 6000 կին: Հայտարարված առողջապահական միամսյակի ընթացքում 2427 կին ուղեգրվել է լրացուցիչ հետազոտության: Ակցիայի շրջանակում  364 վիրահատություն է  կատարվել:

«Երեւանյան ամառ» ծրագրով օգոստոսի 1-ից  31-ն անցկացված անվճար բուժօգնության ակցիայով  քաղաքապետարանի ենթակայության համաբուժարաններ է դիմել 2947 քաղաքացի: Նրանցից 612-ն ուղեգրվել է վահանաձեւ գեղձի, 358-ը՝ սիրտ-անոթային լրացուցիչ հետազոտության: Կատարվել է նաեւ գինեկոլոգիական 85 վիրահատություն: Անվճար բուժօգնության ակցիաներ նախատեսված են նաեւ այս տարի: