Հայ կանանցից ոմանք ընկալում են իրենց առաջին հերթին ոչ թե որպես կին, այլ որպես մայր, ինչն էլ իրենց ինչպես առօրյա, այնպես էլ սեռական կյանքում բազմաթիվ խնդիրներ է հարուցում: Այս մասին այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում ասել է հոգեբան Արմինե Փաշայանը:

Իսկ ինչո՞վ է տարբերվում «կնոջ» դերը «մոր» դերից: Եվ ինչու՞ է վատ միայն «մայր» լինելը:

Հոգեբանի խոսքով՝ «մայրն» այն մարդն է, որը հոգ է տանում ուրիշների մասին՝ մոռանալով սեփական կյանքն ու կարիքները: Ի տարբերություն այս դերի՝ «կինը» հոգ է տանում ինքն իր մասին՝ իր մարմնի ու հոգու մասին, իր հետաքրքրություններն ունի եւ որպես մարդ կարող է շատերին հետաքրքրել: 

Այն կինը, որը հոգ է տանում միայն ուրիշների մասին, իրեն միայն «մայր» է ընկալում: Շատ հաճախ սկսում է ուրիշի կյանքով ապրել: Նրա կյանքի իմաստն են դառնում հիմնականում երեխաները կամ ամուսինը, եթե նա վերջինիս ևս ընկալում է որպես «երեխա»:

Այս մոտեցումը, հոգեբանի խոսքով, կարող է բացասաբար անդրադառնալ ոչ միայն կնոջ անձնական կյանքի, այլ նաեւ երեխաների հոգեբանության վրա: Այսպիսի կնոջ դուստրը, աչքի առաջ ունենալով մոր կերպարն ու օրինակը, ապագայում, հավանաբար, նույնպես չի հետեւելու ինքն իրեն, հոգ չի տանի իր մասին, կփորձի անձնական հետաքրքրություններ չունենալ եւ դժվար թե կարողանա երջանիկ «կին» լինել:

Բացի այդ՝ «կին», այլ ոչ թե «մայր» լինելը կարող է որոշակի խնդիրներ հառուցել սեռական կյանքում, քանի որ սեքսով կարող է զբաղվել միայն «կինը», այլ ոչ թե «մայրը», իսկ տղամարդկանց համար էլ շատ ավելի նախընտրելի է զուգընկերուհու դերում տեսնել «կնոջը», որը հաճույք է ստանում սեքսից եւ սեռական կյանքը չի համարում անընդունելի երեւույթ:

Հոգեբանի կարծիքով՝ կինը պետք է, իհարկե, հոգատար մայր լինի իր երեխաների համար, բայց նա պետք է միաժամանակ նաեւ կին լինի իր ամուսնու համար: Եվ, իհարկե, ոչ մի դեպքում կինը երբեք չպետք է մոռանա, որ, անկախ իր հասարակական դերից, նա առաջին հերթին «կին» է: