Սխալ դաստիարակությունը խանգարում է շատ հայ կանանց լիարժեք սեռական կյանքով ապրել, կարծում է սեքսոպաթոլոգ Սեւադա Հակոբյանը:
Նրա խոսքով՝ ծնողներից շատերը, փորձելով պաշտպանել իրենց երեխաներին, զզվանք են ներշնչում նրանց սեքսի, տղամարդկանց, ինչպես նաեւ սեփական սեռական օրգանների նկատմամբ: Ծնողներն, իհարկե, իրենց երեխայի լավն են ուզում, բայց, այսպիսի մոտեցումը չափազանց բացասաբար է անդրադառնում աղջիկների հոգեբանության վրա եւ, մեծանալով, նրանք բախվում են մի շարք խնդիրների, որոնց մի մասն առնչվում է սեռական կյանքին:
Այս կանանց մոտ որպես կանոն լիբիդոյի պակաս է նկատվում, ձեւավորվում են կոմպլեքսներ, ամոթի զգացում եւ երբեմն նույնիսկ մանկական մտածելակերպ: Այս ամենը, միանշանակ, խանգարում է ապրել լիարժեք սեռական կյանքով: Բացի այդ՝ սխալ դաստիարակությունը կարող է ոչ միայն հոգեբանական խնդիրներ հարուցել: Այն կարող է նաեւ մի շարք այլ խնդիրների պատճառ դառնալ, որոնցից է, օրինակ, վագինիզմը:
Հոգեբան Արմինե Փաշայանը եւս հաստատեց, որ սխալ դաստիարակությունը կարող է սեռական կյանքում խանգարումներ հարուցել: Շատ կանայք հենց իրենց դաստիարակության պատճառով են իրենց ոչ թե «կին», այլ «աղջիկ» ընկալում: Երկար տարիներ նրանք «աղջկա» դերում են մնում, իսկ ամուսնանալուց հետո միանգամից ստանում են «մոր» դերը: Դա, իհարկե, ամուսինների սեռական կյանքի վրա ոչ մի դրական ազդեցության ունենալ չի կարող:
Հենց այդ պատճառով են մասնագետները խորհուրդ տալիս ծնողներին գրագետ եւ ճիշտ դաստիարակել իրենց երեխաներին՝ նման խնդիրներից խուսափելու համար: Իսկ սեռական ճիշտ դաստիարակության շուրջ հարցերի առկայության դեպքում պետք է խորհրդակցել մասնագետի հետ:






