Հոգեբանական խնդիրները շատ մեծ ազդեցություն ունեն սեռական կյանքում այս կամ այն խանգարումների զարգացման վրա (օրինակ՝ թույլ լիբիդոն, վագինիզմը, անօրգազմիան եւ այլն), սակայն վերջերս սկսել է աճել այն մարդկանց քանակը, ում սեռական կյանքի խանգարումները կապված են տարբեր օրգանների եւ համակարգերի խնդիրների հետ:
Սեքսոպաթոլոգ Սեւադա Հակոբյանի պնդմամբ՝ վերջին տարիներին այս խանգարումներն ավելի հաճախ են հանդիպում, հոգեբանական խնդիրները, սակայն, եւս չեն պակասել:
NEWS.am Medicine-ի հարցերին պատասխանելով՝ մասնագետը պարզաբանեց, որ սոմատիկ հիվանդություններով պայմանավորված սեռական խանգարումներով հիվանդների քանակի աճը կապված է բնակչության շրջանում հիվանդացության մակարդակի ընդհանուր աճի հետ: Ավելի ու ավելի հաճախ են ախտորոշվում սիրտ-անոթային հիվանդություններն ու հորմոնալ խանգարումները, որոն բացասաբար են անդրադառնում մարդու սեռական կյանքի վրա: Շաքարային դիաբետը, օրինակ, քայքայում է անոթները եւ վատթարացնում արյան շրջանառությունը: Մոտավորպես նույնն է տեղի ունենում նաեւ մի շարք այլ հիվանդությունների դեպքում:
Սեքսոպաթոլոգը նշեց նաեւ, որ երիտասարդների խանգարումների մեծ մասը, միեւնույն է, կապված է հոգեբանական խնդիրների հետ, որոնցից են ֆոբիաները, նեվրոտիկ եւ էմոցիոնալ բնույթի խնդիրները, ինչպես նաեւ մի շարք այլ խնդիրներ, որոնք դժվարացնում են սեռական կյանքը: Ավելի մեծ տարիքային խմբերում գերակայում են սոմատիկ խախտումները եւ հորմոնալ դիսբալանսը:
Որպեսզի հիվանդությունները չդժվարացնեն Ձեր սեռական կյանքը, մասնագետները խորհուրդ են տալիս առողջ կենսակերպ վարել եւ հետեւել առողջությանը՝ մասնավորապես վերահսկել զարկերակային ճնշումը:






