ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի անդամների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ընթացքում որոշում է կայացվել Հայաստանի տարածքում բնակվող 1915թ. Հայոց ցեղասպանության ականատես-վերապրողներին բժշկական օգնության եւ սպասարկման հարցում աջակցելու նպատակով ձեւավորել հանձնաժողով:
Հանձնաժողովի նախագահ, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանի գլխավորած բժշկական խումբը մարտի 10-ին այցելել է Հայոց ցեղասպանության երեւանաբնակ ականատես-վերապրողներին:
Կատարվել են անհրաժեշտ բժշկական հետազոտություններ մասնավորապես` ներքին օրգանների ուլտրաձայնային հետազոտություն, էլեկտրասրտագրություն, ինչպես նաեւ արյան ընդհանուր եւ բիոքիմիական հետազոտություն:
Հետազոտությունների արդյունքների հիման վրա ականատես-վերապրողների բժշկական անձնագրեր կստեղծվեն: Բժշկական օգնության կարիք ունեցողները Երեւանում կգտնվեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական, իսկ մարզերում` մարզային բժշկական կենտրոնների մասնագետների մշտական հսկողության ներքո:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալների, խորհրդականների, առանձնացված եւ կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաեւ «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության կողմից Երեւանում եւ մարզերում վերոնշյալ սոցիալական խմբում ներգրավված անձինք կստանան անհրաժեշտ շարունակական բժշկական օգնություն, կկազմակերպվեն մասնագետների համայցեր:
Նշենք, որ Հայոց ցեղասպանության ականատեսներ-վերապրողների առողջական խնդիրների լուծմանն ուղղված ՀՀ առողջապահության նախարարության ծրագիրը Հայկական ակնաբուժական նախագծի աջակցությամբ մեկնարկել էր դեռ 2014թ.:
2015թ. փետրվարի սկզբին ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ Հայոց ցեղասպանության ականատես-վերապրող, 102-ամյա Սիլվարդ Ատաջյանի ոսկրաբեկորների տեղաշարժով աջ ազդոսկրի վզիկի փակ կոտրվածքի վիրահատությունը կատարվել է պետական պատվերի շրջանակում: Հանձնաժողովային կարգով որոշում էր կայացվել աջակցել եւ պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում կատարել վիրահատությունը:
Սոցիալական պատասխանատվության բարձրացմանը միտված այս նախաձեռությունը շարունակական կլինի եւ առաջիկայում կստեղծվի նաեւ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին անհրաժեշտ բժշկական օգնություն եւ սպասարկում ցուցաբերելու հանձնաժողով:






