Այս տարվա հունվարին մեկնարկել է սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման ծրագիրը, որն իրակացվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ: ՀՀ ԱՆ Պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանի խոսքով՝ այս ծրագիրը կօգնի կանխարգելել կաթվածն ու դրա բարդացումները, որոնք կապված են սիրտ-անոթային համակարգի հետ:

Ծրագրի շրջանակներում երեք տարի շարունակ սքրինինգ է իրականացվելու՝ սիրտ-անոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի եւ արգանդի վզիկի քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով: Քանի որ հանրապետությունում մահվան դեպքերի երկու երրորդի պատճառ են հանդիսանում հենց այդ հիվանդությունները, վաղ ախտորոշումը հնարավոր կդարձնի դրանց ավելի արդյունավետ բուժումն ու հետագա բարդացումների կանխարգելումը, կարծում են մասնագետները:

Ինչպես նշեց Սարո Ծատուրյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում, մոտակա երեք տարիների ընթացքում 35-68 տարեկան մարդկանց 60 տոկոսը պետք է պարտադիր կերպով մասնակցի սքրինինգային ծրագրին եւ հիպերտոնիայի, ինչպես նաեւ դիաբետի հայտնաբերման հետազոտություն անցնի: Վաղ ախտորոշումը մեծացնում է ապաքինման հավանականությունը՝ նվազեցնելով ոչ ինֆեկցիոն հիվանդությունների պատճառով արձանագրվող մահվան դեպքերը: 

Հիշեցնենք՝ ԱՀԿ տվյալներով՝ կազմակերպության անդամ 193 երկրներում մահացության մակարդակի աճի պատճառ են հանդիսանում հենց ոչ ինֆեկցիոն հիվանդությունները՝ մասնավորապես, արյան շրջանառության խանգարումները, շաքարային դիաբետը եւ չարորակ ուռուցքները: Ամեն տարի այս հիվանդություններից մահանում է 36 միլիոն մարդ, ինչը կազմում է աշխարհում արձանագրվող մահվան դեպքերի 87 տոկոսը:

Հայաստանում ոչ ինֆեկցիոն հիվանդությունների պատճառով արձանագրվող մահվան դեպքերի առաջատարն են սիրտ-անոթային հիվանդությունները (48 տոկոս), չարորակ ուռուցքները (20.8 տոկոս), իսկ շաքարային դիաբետը երրորդ տեղում է՝ 4.7 տոկոս: