Չկա այդպիսի երեւույթ, երբ կերակրող մայրիկի կաթը չի հերիքում: Կրծքով կերակրելու դեպքում կաթը միշտ է լինում, պնդում է նեոնատոլոգ Հեղինե Սարգսյանը: Նրա խոսքով՝ բացառությամբ հազվադեպ որոշ դեպքերի, երբ մայրիկը որեւէ լոըրջ հիվանդությամբ է տառապում եւ դեղեր է ընդունում, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ կաթի վրա, երեխային պետք է կերակրել բացառապես կրծքի կաթով։ Իսկ կաթը անպայման կլինի, երեխային կանոնավոր կերպով կուրծք տալու դեպքում:
Նեոնատոլոգը հիշեցնում է, որ մայրիկները չպետք է վախենան խիժից եւ սպասեն մինչեւ այն դուրս գա: Կաթից շատ ավելի մեծ քանակությամբ սպիտակուցներ պարունակող խիժը անհրաժեշտ է երեխային նրա կյանքի առաջին օրերին: Մասնագետը հիշեցնում է նաեւ, որ ջուրը կամ քաղցր թեյը երեխային պետք չեն, քանի որ եւ ջուրը, եւ գլյուկոզան, այսինքն, այս դեպքում լակտոզան, պարունակվում են մայրական կաթի մեջ երեխայի համար անհրաժեշտ չափաբաժնով:
Մայրիկներին, մասնագետի խոսքով, անհրաժեշտ է նաեւ իմանալ, որ երկու-երեք շաբաթ կամ երկու-երեք ամիս հետո կարող է ճգնաժամ առաջանալ, քանի որ երեխայի պահանջները այդ ժամանակ սովորաբար մեծանում են: Մասնագետի խոսքով՝ խուճապի մատնվել պետք չէ, փոխարենը պետք է երեխային ավելի հաճախ կերակրել, եւ ամեն ինչ իր տեղը կընկնի: Ծայրահեղ դեպքում կարելի է ավելի վաղ սկսել երեխային լրացուցիչ սնունդ տալ՝ օրինակ, շիլայի կամ պյուրեի տեսքով: Դա ավելի լավ է, քան արհեստական խառնուրդ օգտագործելը: Մասնագետի խոսքով՝ երեխային կարելի է սկսել կերակրել լրացուցիչ սննդով արդեն 4-5 ամսականից:






