Ամերիկյան գիտնականները երիտասարդության էլիքսիր են ստեղծել: Հետազոտությունները ցույց են տալիս, որ դեղամիջոցների նոր տեսակը մեղմացնում է ծերունական տկարությունը, բարելավում է սրտի աշխատանքը եւ երկարաձգում առողջ կյանքի տեւողությունը:

Ֆլորիդայի Scripps Research Institute-ի հետազոտողները մի շարք գիտափորձեր են անցկացրել նոր դեղորայքային սենոլիտիկներով: Պարզվեց, որ դրանք երիտասարդացնող շատ արդյունավետ դեղամիջոց են, որոնք թույլ են տալիս երկարաձգել առողջ կյանքի տեւողությունը տարեց մարդկանց մոտ: Հետազոտության հեղինակ պրոֆեսոր Փոլ Ռոբինսը ընդգծում է, որ այս դեղորայքն ընդունող մարդիկ պետք է անմիջապես սկսեն երիտասարդանալ:

«Մենք դիտարկում ենք մեր հետազոտությունը որպես առաջին եւ շատ նշանակալից քայլ մարդուն ավելի երկարակյաց դարձնելու թերապիայի զարգացման ճանապարհին», - նշում է պրոֆեսորը: «Սենոլիտիկների օգտագործման արդյունքները տպավորիչ են: Դրանք ի զորու են ազդել ծերանալու հետ առնչվող մի շարք գործընթացների վրա»:

Մասնագետների խոսքով՝ ապագայում սենոլիտիկներն ի զորու կլինեն կասեցնել, մեղմացնել կամ նույնիսկ վերացնել քրոնիկ հիվանդությունների եւ խանգարումների բոլոր ախտանիշները միասին: Ageing Cell ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ գիտնականներին հաջողվել է ազդել ծերացող բջիջների վրա: Այսինքն՝ հենց այն բջիջների վրա, որոնք տարիքի հետ դադարում են կուտակվել, ինչը արագացնում է ծերանալը:

Կրծողների վրա անցկացված գիտափորձերը ցույց են տալիս, որ դեղորայքը կարող է նշանակալից կերպով երկարացնել կրծողների առողջ կյանքի տեւողությունը այդ բջիջների ոչնչացման հաշվին: Այժմ խնդիրն այն է, որ պետք է մշակել ծերացող բջիջների իդենտիֆիկացման պրոցեդուրան՝ առողջ բջիջները պատահաբար չվնասելու համար: