Արարատի մարզի Հայանիստ համայնքի դպրոցում իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ 2015թ. հունվարին Հայանիստ համայնքում արձանագրվել է ջրծաղկի 12 դեպք, որից 3-ը՝ 2-5, 3-ը՝ 18-20 տարեկան, իսկ մյուսները` դպրոցահասակ երեխաներ:

Մարտ ամսին համայնքում արձանագրվել է հիվանդության 7 դեպք, որից դպրոցական են 3-ը, այն էլ` տարբեր դասարաններից:

Հիշեցնենք, որ ջրծաղիկը սուր, բարձր վարակելիությամբ օժտված, օդակաթիլային մեխանիզմով փոխանցվող վիրուսային հիվանդություն է, որը տարածված է ամենուր: Մեղմ կլիմայական պայմաններում բնակչության առնվազն 90%-ը ջրծաղիկով հիվանդանում է մինչեւ 15 տարեկանը, իսկ նրանց առնվազն 95 %-ը` մանկական տարիքում: Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է: Վիրուսը անկայուն է շրջակա միջավայրում, հետեւաբար, որպես կանոն, վարակը չի փոխանցվում երրորդ անձի եւ հիվանդի օգտագործած անձնական իրերի միջոցով: Հիվանդության գաղտնի շրջանը 21 օր է: Ջրծաղիկը սովորաբար թեթեւ է ընթանում` աննշան ջերմությամբ, չափավոր ախտանշաններով եւ մաշկի բշտիկավոր ցանավորմամբ: Իրականացվող հակահամաճարակային միջոցառումները հիմնականում ուղղված են դեպքերի տեղայնացմանը եւ վարակի հետագա տարածման կանխմանը:

Հանրապետությունում մշտապես իրականացվում է ջրծաղիկ հիվանդության շաբաթական մշտադիտարկում, որի արդյունքները վկայում են, որ 2014թ. նույն ժամանակի համեմատ այս տարի դեպքերն ավելի քիչ են։ Համեմատաբար բարձր ցուցանիշների արձանագրման դեպքում ՀՀ առողջապահության նախարարության կողմից ապահովվում է արագ արձագանքում։ Ներկայիս իրավիճակը օրինաչափ է ընթացիկ սեզոնի համար։