Հայաստանում լիցենզավորվում են բժշկական կենտրոնները, այլ ոչ բժիշկները, ինչպես դա արվում է շատ երկրներում: Անհրաժեշտ է արդյո՞ք լիցենզավորել բժիշկներին: Ի՞նչ կտա դա առողջապահական համակարգին:
Պատասխանելով NEWS.am Medicine-ի հարցերին՝ Փաստաբանների պալատի իրավաբաններ Մուրադ Ասրյանը եւ Գեւորգ Մկրտչյանն ասել են, որ բժիշկների լիցենզավորումը , իրենց կարծիքով, ճիշտ եւ անհրաժեշտ քայլ է: Իսկ որո՞նք են այդ լիցենզավորման առավելությունները:
Ինչպես նշել է Գեւորգ Մկրտչյանը, բժիշկները «անհատական» լիցենզիայի առկայության դեպքում ստիպված ավելի պատասխանատու կմոտենան իրենց պարտականություններին: Նրանք այլեւս չեն մտածի, որ իրենց թույլ տված սխալի համար պատասխանատվություն է կրելու կլինիկան: Այդ պատճառով կձգտեն ամեն ինչ անել այնպես, որպեսզի հանկարծ չզրկվեն լիցենզիայից եւ աշխատելու հնարավորությունից:
Մասնագետների խոսքով՝ բժիշկները պետք է լիցենզավորվեն այնպես, ինչպես, օրինակ, իրավաբանները, որոնց համար գործում են «խաղի հատուկ կանոններ»: Այդ կանոններին պետք է հետեւեն բոլորը, այլապես կարելի է զրկվել լիցենզիայից:
Մուրադ Ասրյանը իր հերթին նշել է, որ շատ կարեւոր է ներմուծել բուժման ստանդարտների հասկացությունը՝ ուղեցույցների կամ արձանագրությունների տեսքով, որոնցով բժիշկները կղեկավարվեն իրենց գործունեության ընթացքում: Այդպիսի արձանագրությունների առկայության դեպքում ավելի հեշտ կլինի որոշել, որտեղ է սխալ թույլ տվել բժիշկը:






