Շատ կանայք մտածում են, որ ներլվացումը օգնում է պայքարել տհաճ հոտի դեմ եւ պաշտպանում է ինֆեկցիայից: Իրականում այս պրոցեդուրան այնքան էլ օգտակար չէ, ինչքան ընդունված է մտածել:

Գինեկոլոգ Էլիզա Ռոսը Քլիվլենդի կլինիկայից խորհուրդ չի տալիս կանանց հաճախ ներլվացում անել, քանի որ հեշտոցը ինքնամաքրվող օրգան է, իսկ ներլվացումը դուրս է բերում այդ օրգանից օգտակար միկրոբները, խաթարում թթվահիմնային բալանսը՝ բակտերիաների բազմացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելով:

Բացի այդ, գինեկոլոգի խոսքով՝ ներլվացման համար նախատեսված լուծույթներից շատերը կարող են ալերգիայի պատճառ դառնալ:

Գինեկոլոգը նշել է նաեւ, որ սեռական օրգանները, որպես կանոն, իսկապես յուրահատուկ հոտ ունեն եւ դա նորմալ է: Նորմալ է նաեւ այն, որ այդ հոտը կարող է փոխվել դաշտանային փուլի կամ սննդակարգի հետ կապված (սոխը կամ սխտորը ուժեղացնում են հոտը): Գինեկոլոգը խորհուրդ է տալիս այն կանանց, ում անհանգստացնում է այս հոտը, լվանալ միայն արտաքին սեռական օրգանները գոլ ջրով: Տարբեր օճառներ օգտագործելը եւս ցանկալի չէ, քանի որ դրանք մաշկը չոր են դարձնում՝ բորբոքելով այն:

Մասնագետի խոսքով՝ սեռական օրգանների հոտը կարող է նաեւ հիվանդությունների մասին վկայել, մանավանդ եթե այն ուղեկցվում է կանաչավուն կամ ցանկացած այլ գույնի «տարօրինակ» արտաթորություններով: Խնդիրների մասին է վկայում նաեւ սեռական օրգանների բորբոքումը կամ ցանը: Այս բոլոր դեպքերում անհրաժեշտ է դիմել բժշկի՝ ճիշտ ախտորոշման ու բուժման համար: