«Ռ եւ Պ Սկենառ» կլինիկայի ղեկավար Ռուբեն Հարությունյանը պնդում է, որ իր կլինիկան իրավունք ունի շարունակել գործունեությունը, քանի որ առողջապահության նախարարի հրամանը բողոքարկվել է եւ մինչեւ վերջնական որոշման կայացումը լիցենզիայի կասեցման մասին հրամանը իրավական ուժ չունի:
«Եթե բողոքարկվել է որոշումը, իրավաբանորեն իմ լիցենզիան ուժի մեջ է՝ մինչեւ նախարարության նոր որոշումը», - նշել է Հարությունյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում:
Հիշեցնենք՝ այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում իրավաբաններ Մուրադ Ասրյանն ու Գեւորգ Մկրտչյանը «Ռ եւ Պ Սկենառ» կլինիկային մեղադրել են այն բանի մեջ, որ վերջինս շարունակում է իր գործունեությունը՝ հակառակ լիցենզիայի կասեցման որոշման: Փաստաբանների խոսքով՝ կլինիկան զրկվել է լիցենզիայից այն պատճառով, որ ծավալել էր այնպիսի գործունեություն, որի իրավունքը, լիցենզիայի համաձայն, չուներ:
Իրավաբանները հայտնեցլ են նաեւ, որ ընկերությունը ուշադրության կենտրոնում է հայտնվել այն բանից հետո, երբ իրավաբաններին էին դիմել կլինիկայում երկարատեւ անհաջող բուժում անցած աղջկա ծնողները: Նշենք, որ աղջիկը փորձում էր վերականգնել լսողությունը: Աղջկա լսողությունը չէր վերականգնվել՝ չնայած այն հանգամանքին, որ երեխայի ծնողները բավականին կլորիկ գումարներ էին ծախսել: Այն, որ երեխայի լսողությունը չէր բարելավվել, հաստատել էր նաեւ դատաբժշկական փորձաքննությունը:
NEWS.am Medicine-ի հետ զրույցում Ռուբեն Հարությունյանը նշեց, որ դատարանն ի օգուտ իր կլինիկայի է որոշում կայացրել՝ եզրակացնելով, որ հիվանդը, որի գործով վարչական վարույթ իրականացվել, «առողջացել» է: Նշենք, որ այժմ փաստաբանները բողոքարկել են որոշումը Վերաքննիչ դատարանում եւ սպասում են գործի հանգուցալուծմանը:
Ինչ վերաբերվում է լիցենզիայով չնախատեսված գործունեությանը, մասնավորապես, սկենառ սարքը օգտագործելուն, ապա Ռ. Հարությունյանը այն կարծիքին է, որ իրավունք ունի սկենառ օգտագործել առանց լիցենզավորման:
«Միջպետական պայմանագրերը մեր սահմանադրությունից վեր են: Միջպետական պայմանագրով Ռուսաստանում լիցենզավորված մեթոդը եւ լիցենզիան ընդունելի են նաեւ Հայաստանում», – պնդեց նա՝ հավելելով, որ «կարող է սկենառ անել իր տանը, կամ սարերում, կամ էլ ցանկացած կլինիկայում»։






