Բրիտանական վիրաբույժները յուրօրինակ տեխնոլոգիա են օգտագործել աղջկա գլխից ահռելի մեծ չափսերի բնածին բիծը հեռացնելու համար: Մասնագետները թուչիկի պես փչել են նրա գլխի մաշկը՝ այն փոխպատվաստելու համար:

Անգլուհի Ջեսիկա Բրետը լույս աշխարհ է եկել բնածին բիծով, որը ծածկում էր նրա գլխի գրեթե կեսը: Բժիշկները զգուշացրել էին աղջկա ծնողներին, որ այդ բիծը կարող է չարորակ ուռուցքի վերածվել աղջկա կյանքի ցանկացած պահին: Եթե այս բիծը ի հայտ գար մարմնի այլ մասում, այն հնարավոր կլիներ հեռացնել՝ մաշկային հյուսվածքը վերցնելով մարմնի որեւէ հատվածից:

Սակայն մաշկի փոխպատվաստումը մարմնի այլ հատվածից գլխի վրա ճաղատության պատճառ կլիներ: Հենց այդ պատճառով վիրաբույժները որոշել են այնպիսի մաշկ աճեցնել, որն ի զորու է մազի ֆոլիկուլներ ձեւավորել եւ նոր միայն այդ մաշկը օգտագործել խալը հեռացնելու համար:

Այս պրոցեդուրայի իրականացման համար գիտնականները օգտագործել են «փուչիկի» տեխնոլոգիան: 9-ամյա աղջկա գլխի մաշկը ասիճանաբար «փչում էին» աղի լուծույթի ներարկումների միջոցով՝ այնքան ժամանակ, մինչեւ այդպես գոյացած «փուչիկը» կարողացավ անհրաժեշտ քանակով դոնորային մաշկ ձգել: Ինչ-որ մի պահի երեխայի գլխի վրա հսկայական ուռուցք էր ի հայտ եկել, որից նա շատ էր ամաչում:

Երբ դոնորային մաշկն արդեն բավական էր, բժիշկները խալի հեռացման վիրահատություն իրականացրեցին՝ խալի փոխարեն նոր մաշկ պատվաստելով: Պրոցեդուրան հաջողոթյամբ ավարտվեց, եւ այժմ երեխան միանգամայն նորմալ մազածածկույթ ունի: