Կապանի սպանդանոցներից մեկի 17 աշխատակից վարակվել է բրուցելոզով: Նրանցից 14-ը այժմ բուժվում են Կապանի բժշկական կենտրոնում, երկուսն արդեն դուրս են գրվել, իսկ մեկը բուժվում է Երեւանում: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեց Կապանի բժշկական կենտրոնի տնօրեն Սմբատ Օրբելյանը:
Նա նշեց, որ հիվանդության առաջին դեպքերը գրանցվել են մոտավորապես 2 շաբաթ առաջ: Բոլոր վարակվածները միեւնույն սպանդանոցի աշխատակիցներ են եղել եւ, ամենայն հավանականությամբ, վարակումը ինչ-որ կերպ կապված է նրանց մասնագիտական գործունեության հետ, սակայն հստակ ասել, ինչպես է վարակումը տեղի ունեցել, առայժմ հնարավոր չէ:
Այժմ Կապանի կլինիկայում գտնվող հիվանդների վիճակը կայուն է: Կլինիկայի տնօրենի խոսքով՝ նրանք բուժում են ստանում, սակայն դեռեւս վաղ է ասել, երբ հնարավոր կլինի դուրս գրել նրանց:
Նշենք, որ բրուցելոզը ինֆեկցիոն հիվանդություն է, որը փոխանցվում է մարդուն կենդանիներից (հիմնականում այծերից, կովերից, ոչխարներից, խոզերից): Հիվանդությունը ուղեկցվում է մարդու օրգանների եւ օրգանիզմի տարբեր համակարգերի ախտահարմամբ: Հիվանդության ծանրությունը հիմնականում կախված է հարուցիչի տեսակից: Չնայած նրան, որ բրուցելոզը հիմնականում մահացու չէ, այն երբեմն կարող է հաշմանդամության պատճառ դառնալ:






