Հայաստանում 2015թ. հունվարի 1-ից մեկնարկած անվճար ստենտավորման ծրագրի շրջանակում 299 մարդ բուժօգնություն է ստացել, նրանցից 288-ը ստենտավորվել է։ Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին Առողջապահության նախարարության մամլո ծառայությունից:

Հանրապետության ինվազիվ սրտաբանական ծառայություն իրականացող խոշոր բժշկական կենտրոնների ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում ամփոփվեցին ծրագրի արդյունքները։ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը մանրամասն ներկայացրեց անցած ժամանակաընթացքում բժշկական կենտրոններում իրականացված աշխատանքները: Բոլոր ցուցանիշները վերլուծվեցին սրտաբանական ընդհանուր  ծառայության ենթատեքստում։

Այնուհետև փոխնախարարը հետաքրքրվեց ծրագիրն իրականացնող կենտրոնների խնդիրներով։ Կլինիկաների ղեկավարներն ու մասնագետները նշեցին, որ հիմնական խնդիրն այն է, որ ինֆարկտով` հատկապես շտապբուժօգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխված բոլոր  քաղաքացիներն են ցանկանում ընդգրկվել ծրագրում։ Մինչդեռ մասնագետներն առաջնորդվում են գործող հստակ չափորոշիչներով։

«Սա եզակի ծրագիր է, որից օգտվում են ոչ թե սրտի անվճար ինվազիվ վիրահատության իրավունք ունեցող որևէ խմբում ներառված քաղաքացիները, այլև բացառապես նրանք ում մոտ բժիշկն ախտորոշում է կյանքին վտանգ սպառնացող սուր, ծանր ինֆարկտ», - ասաց փոխնախարարը` կարևորելով ծրագրի ոչ միայն առողջապահական, այլև սոցիալական նշանակությունը: Նա խնդիր դրեց աշխատանքներն այնպես կազմակերպել, որպեսզի դժգոհությունների տեղիք չտրվի։ Հորդորեց հիվանդներին ու նրանց հարազատներին համբերատարությամբ բացատրել ծրագրում ընդգրկվելու բոլոր մանրամասները։ Նաև նշեց, որ նախարարությունը շարունակելու է մշտադիտարկումը` ուշադրության կենտրոնում պահելով  բժշկական սպասարկման որակի ապահովումը։

Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին նաև ծրագրում չընդգրկված ինվազիվ սրտաբանական ծառայություն  իրականացնող կլինիկաների ղեկավարներն ու մասնագետները, ովքեր  ներկայացրեցին իրենց կենտրոնների հնարավորություններն ու  ծառայությունների ծավալները։

Ամփոփելով քննարկումը` Վահան Պողոսյանը նշեց, որ բարձրացված հարցերը կներկայացվեն նախարարին և համապատասխան որոշումներ կկայացվեն ծրագիրն առավել արդյունավետ դարձնելու, առկա խնդիրները լուծելու նպատակով։