Սննդամթերքի անվտանգության ծառայությունը տեղյակ է Կապանի սպանդանոցներից մեկի 17 աշխատակիցների՝ բրուցելոզով վարակման մասին, իսկ անասնաբուժական ծառայությունն արդեն զբաղվում է գործով՝ փորձելով հայտնաբերել հիվանդության հարուցիչը: Այս մասին NEWS.am Medicine-ին է հայտնել սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը:

Նրա խոսքով՝ ծառայության տեղամասային տեսուչներն այժմ գտնվում են Կապանում և հետազոտում սպանդանոցը: Հետազոտության արդյունքները հայտնի կդառնան ավելի ուշ:

Հիշեցնենք, որ բրուցելոզով վարակվածներն աշխատել են Կապանի սպանդարաններից մեկում եւ նախնական տվյալներով՝ վարակվել են հենց այնտեղ: 17 վարակվածներից 14-ը այժմ բուժում են ստանում Կապանի բժշկական կենտրոնում, երկուսն արդեն դուրս են գրվել, մեկը բուժվում է Երևանում: Այժմ կլինիկայում գտնվող հիվանդների վիճակը կայուն է:

Նշենք, որ բրուցելոզը ինֆեկցիոն հիվանդություն է, որը փոխանցվում է մարդուն կենդանիներից (հիմնականում այծերից, կովերից, ոչխարներից, խոզերից):