Հայաստանի գյուղատնտեսության ու Առողջապահության նախարարությունները լռության են մատնում բրուցելոզով 17 մարդու վարակման դեպքը, քանի որ սպանդանոցը, որտեղ, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել վարակումը, պատկանում է հայտնի գործարար Մաքսիմ Հակոբյանին: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնել են «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության լրատվական ծառայությունից: 

«Տարօրինակ է, որ պատասխանատու անձինք արդեն 10 օր է լռության են մատնում դեպքը եւ ոչ մի հայտարարությամբ հանդես չեն գալիս՝ չնայած նրան, որ բավականին շատ մարդ է վարակվել», - NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասել է հիշյալ հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Այժմ Բաբկեն Պիպոյանը ուղեւորվում է Կապանի կլինիկա՝ վարակվածների հետ զրուցելու եւ պարզելու համար, թե ինչ է իրականում կատարվել եւ ինչպես են վարակվել մարդիկ:

«Սովորաբար մենք դեպքի վայր չենք մեկնում, սակայն այստեղ ակնհայտ է պետության կողմից ուշադրության պակասն այս դեպքի նկատմամբ: Այդ պատճառով մենք պետք է տեղում պարզենք, ինչ է կատարվում եւ ինչքանով է մեզ տրամադրված տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը», - նշել է Բաբկեն Պիպոյանը:

Նրա խոսքով՝ այս դեպքի հետ կապված անհասկանալի հանգամանքները շատ են: Մեկն ասում է, որ մարդիկ վարակվել են սպանդանոցում, մյուսը՝ որ սպանդանոցն այժմ չի աշխատում: Իրավապաշտպանը համոզված է, որ մոտ ապագայում հնարավոր կլինի բացահայտել վարակման իրական աղբյուրը եւ այն, թե ինչու են այս հարցին այդքան քիչ անդրադառնում: