2013 թվականին Սյունիքի մարզում կենդանիներին պատվաստել են բրուցելոզի դեմ: «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության հայտարարության համաձայն՝ այս պատվաստումը կարող էր նպաստել բրուցելոզի տարածմանը կենդանիների շրջանում, ինչն էլ հետագայում մարդկանց վարակման պատճառ դարձավ:
«Ես միշտ շեշտել եմ, որ պատվաստումը մեր երկրին պետք չէ: Բրուցելոզի դեմ պայքարելու համար պետք է այլ մեխանիզմներ մշակվեն, քանի որ մենք հնարավորություն չունենք պարզել, հիվանդ է արդյոք կենդանին, թե վակցինացվել է», - նշել է հասարակական կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում:
Մեր զրուցակցի խոսքով՝ իր ներկայացրած կազմակերպությունը միշտ դեմ էր եղել այս պատվաստմանը եւ ամեն ինչ անում էր դրա հնարավոր հետեւանքների մասին հանրությանը տեղյակ պահելու համար: Բանն այն է, որ, իրավապաշտպանի խոսքով, պատվաստումից հետո կենդանու օրգանիզմում որոշակի հետքեր են մնում, ինչի պատճառով հնարավոր չէ դառնում պարզել՝ կենդանին հիվանդ է եղել, թե պատվաստվել է: Իսկ հաշվառման համակարգի բացակայության, տեղաշարժի անվերահսկելիության, ինչպես նաեւ մի շարք անհրաժեշտ պայմանների բացակայության պարագայում կարող են լուրջ խնդիրներ ի հայտ գալ, քանի որ պատվաստվում են, բնակաբար, ոչ բոլոր կենդանիները: Բացի այդ՝ կա նաեւ վտանգ, որ վակցինացիայի միջոցով կարելի է թաքցնել հիվանդ կենդանիներին:
Հիշեցնենք՝ Կապանի սպանդանոցի 17 աշխատակից վարակվել է բրուցելոզով: Նրանցից 14-ը այժմ բուժվում են Կապանի բժշկական կենտրոնում, երկուսն արդեն դուրս են գրվել, իսկ մեկը բուժվում է Երեւանում: Այժմ հիվանդների վիճակը կայուն է:
Նշենք, որ բրուցելոզը ինֆեկցիոն հիվանդություն է, որը փոխանցվում է մարդուն կենդանիներից (հիմնականում այծերից, կովերից, ոչխարներից, խոզերից):






