Կապանում բրուցելոզով վարակված բոլոր հիվանդները աշխատել են «Գյուղարտ» ՓԲԸ-ին պատկանող սպանդանոցում, որը գտնվում է Կապան քաղաքի վարչական տարածքում եւ իրականացրել է մանր եղջերավոր կենդանիների մորթ: Այս պահի դրությամբ սպանդանոցը չի աշխատում: Այս մասին հայտնում է Հայաստանի գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը։
Համաձայն հաղորդագրության, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ՀՀ առողջապահության նախարարությունից ահազանգ է ստացել, համաձայն որի բրուցելոզով վարակված հիվանդեր են գտնվում Սյունիքի մարզի Կապան քաղաքի բժշկական կենտրոնում:
Ահազանգն ստանալուց անմիջապես հետո Ծառայության Սյունիքի մարզային կենտրոնի անասնաբույժ-տեսուչներն այցելել են բ/կ, զրուցել անձնակազմի հետ եւ ճշտել, որ այսօրվա դրությամբ բրուցելոզով հիվանդների թիվը 17-ն է: Ներկայումս փորձ է արվում կապ հաստատելու բոլոր նրանց հետ, ովքեր աշխատել են տվյալ սպանդանոցում, եւ ուղղորդելու բուժզննության:
Ծառայության կողմից աշխատանքներ են կատարվում պարզելու համար, թե արդյո՞ք սպանդանոցն է վարակի աղբյուրը եւ որոնք են բրուցելոզի վարակի ներթափանցման ուղիները:
Աշխատանքներն ընթացքի մեջ են, եւ արդյունքների մասին Ծառայությունը լրացուցիչ կտեղեկացնի:
Ինչպես հայտնել էր NEWS.am Medicine-ը, Կապանում 17 հոգի վարակվել է բրուցելոզով: Նրանցից 14-ը այժմ բուժվում են Կապանի բժշկական կենտրոնում, երկուսն արդեն դուրս են գրվել, իսկ մեկը բուժվում է Երեւանում: Հիվանդության դեպքերը գրանցվել են մոտ երկու շաբաթ առաջ։ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը NEWS.am Medicine-ին հայտնել էր, որ Հայաստանի առողջապահության եւ գյուղնախարարության երկարատեւ լռությունը կապված է այն բանի հետ, որ սպանդանոցը պատկանում է հայտնի գործարար Մաքսիմ Հակոբյանին։
Նշենք, որ բրուցելոզը ինֆեկցիոն հիվանդություն է, որը փոխանցվում է մարդուն կենդանիներից (հիմնականում այծերից, կովերից, ոչխարներից, խոզերից):






