Պատասխանատու անձանց աշխատանքում լուրջ բացթողումներ են արձանագրվել, իսկ առողջապահության նախարարությունը ժամանակին չի արձագանքել Կապանում բրուցելոզով վարակման դեպքերին: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակից հետ զրույցում ասել է «Իրազեկ եւ պաշտպանված» սպառող հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ միանգամայն սխալ էր այն, որ երկու շաբաթվա ընթացքում Կապանում բրուցելոզով վարակման դեպքը փորձել են կոծկել, չնայած նրան, որ վարակվածների թիվը (18 հոգի) բավականին մեծ էր:
Շատ լուրջ բաղթողում էր նաեւ այն, որ սպանդանոցը, որտեղ աշխատում էին բոլոր վարակվածները, ընդհանուր առմամբ 47 աշխատակից ունի, եւ նրանցից շատերը մինչ օրս դեռեւս հետազոտություն չեն անցել: Իրավապաշտպանի խոսքով՝ երկու շաբաթվա ընթացքում ԱՆ-ն ոչ մի փորձ չի ձեռնարկել այս մարդկանց գտնելու եւ հետազոտման ուղարկելու համար: Իսկ այն աշխատակիցները, որոնք հետազոտություն անցել են, արել են դա Կապանի կլինիկայի ինֆեկցիոնիստի ջանքերի շնորհիվ, որը, բրուցելոզի առաջին դեպքերը հայտնաբերելով, կոչ է արել բոլոր վարակվածներին կապնվել իրենց գործընկերների հետ եւ կանչել հետազոտման:
«Պետական մարմինները պետք է դեպքի վայր ժամանեին, պարզեին, ովքեր են աշխատել սպանդանոցում, վարակվել են արդյոք աշխատակիցների ընտանիքի անդամները… Սակայն նմանատիպ ոչ մի գործողություն չի իրականացվել: Փոխարենը մարդիկ սկսեցին ինքնուրույն փնտրել իրենց գործընկերներին եւ կանչել հետազոտման՝ բուժող բժշկի հորդորով», - նշում է Բաբկեն Պիպոյանը:
Ինչպես հայտնել էր NEWS.am Medicine-ը, Կապանի բժշկական հիմնարկում բուժում են ստանում տեղական սպանդանողցներից մեկի աշխատակիցները, որոնք վարակվել բրուցելոզով։ Հայաստանի գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տվյալներով, նրանք բոլորը «Գյուղարտ» ՓԲԸ-ին պատկանող սպանդանոցի աշխատակիցներ են։ Դեպքերը գրանցվել են դեռ երկու շաբաթ առաջ։






