Սպանդանոցը, որտեղ 18 մարդ է վարակվել բրուցելոզով, չի աշխատում 2014 թվականի նոյեմբերից: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Իրազեկ եւ պաշտպանված» սպառող հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը: Նրա խոսքով՝ վարակումը միանշանակ սպանդանոցում է տեղի ունեցել, սակայն ինչպես է այն տեղի ունեցել, դեռ պետք է պարզել:

Բաբկեն Պիպոյանն ու նրա գործընկերները այցելել են սպանդանոց եւ պարզել, որ դրա արտադրանքը արտահանվում է Պարսկաստան եւ տեղական շուկայում չի վաճառվում: Վերջերս էլ պատվերներ չեն եղել, այդ պատճառով սպանդանոցը չի աշխատել:

Այս ամենը հաշվի առնելով՝ չափազանց բարդ է հասկանալ, ինչպես է տեղի ունեցել վարակումը: Հավանաբար, աշխատակիցները վարակվել են դեռեւս նոյեմբերին, սակայն հիվանդությունը երկար ժամանակ զգացնել չի տվել:

Իրավապաշտպանները վերցրել են այն փաստաթղթերը, որոնցով կենդանիները ընդունվել են սպանդանոց՝ դրանք վերլուծելու եւ արտահանված ու մորթի ենթարկված անասունների գլխաքանակը համեմատելու համար: Պետք է նաեւ ի վերջո լուծել կենդանիների պատվաստման խնդիրը: Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ կենդանիների վակցինացման մասին պիտակները մասամբ կամ կորել են, կամ ջնջվել է դրանց վրայի գրառումը: Այդ պատճառով բարդ է ասել, որ կենդանին է պատվաստվել, որը՝ ոչ: Մնում է հավատալ անասունի տերերին, քանի որ լաբորատոր հետազոտությունները ոչինչ չեն կարողանա պարզել:

Ինչպես նշեց Բաբկեն Պիպոյանը, պետք է նաեւ ուշադիր զննել սպանդանոցով անցած կենդանիների ուղեկցող փաստաթղթերը: Եթե պետությունը վկայական է տրամարդել առ այն, որ կենդանին առողջ է, սպանդանոցի աշխատակիցները պարզապես հավատացել են դրան եւ արել իրենց գործը: Բացի այդ՝ սպանդանոցի տերը եւս կարող է պնդել, որ կենդանին փաստաթղթերով առողջ է եղել, եւ հետեւաբար, կարիք չի եղել տվյալ կենդանիներին նորից հետազոտության ենթարկել: Այս ամբողջ շղթայի մեջ թույլ օղակ կա, որն էլ պետք է բացահայտել:

Իրավապաշտպանները հանդիպել են վարակվածներին եւ զրուցել նրանց հետ: Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ նրանցից եւ ոչ մեկ չգիտի, ինչպես են նվարակվել: Նրանց համար այժմ կարեւորը ապաքինվելն է եւ հիվանդության հետեւանքներից խուսափելը: