Ավստրալիայի բնակիչ Քորթնի Օ՛Քիֆը ստիպված է եղել կրկնակի մաստէկտոմիա անցնել Թայլանդում իրականացրած իմպլանտների տեղադրման թանկարժեք վիրահատությունից հետո:

Կինը 7500 դոլար է վճարել ավիատոմսերի, հյուրանոցի եւ վիրահատության համար: Այդպես կինը ձգտում էր պարգեւատրել ինքն իրեն 35 կգ ավելորդ քաշ կորցնելու համար:
Հայրենի Ավստրալիա Քորթնին վերադարձել է մահամերձ վիճակում, եւ մայրը անմիջապես նրան հիվանդանոց է տարել: 5 րոպե տեւած բուժզննումից հետո բժիշկները հոսպիտալացրել են նրան:

Պարզվել է, որ հետվիրահատական սպիները բորբոքվել են pseudomonas aeruginosa հազվադեպ բակտերիայի ներթափանցման պատճառով: Քորթնիի վիճակը վատթարացել է, բժիշկները սեպսիս են ախտորոշեցել, ի հայտ են եկել սրտի, երիկամների, լյարդի խնդիրներ: Բժիշկները հույս չէին տալիս, բայց կինը հաղթահարել է ինֆեկցիան:
Սակայն մեկ տարի անց կինը կրկին հոսպիտալացվել է, բժիշկները հեռացրել են իմպլանտները, որոնք կրկին բորբոքում էին առաջացրել: Քանի որ ինֆեկցիան հասցրել էր տարածվել նաեւ շրջակա հյուսվածքների վրա, նրանք ստիպված հեռացրել են կնոջ կուրծքը՝ կրկնակի մաստէկտոմիա իրականացնելով:

Բայց այսքանով էլ Քորթնիի մղձավանջը չի վերջացել, քանի որ ի հայտ են եկել լյարդի եւ երիկամների լուրջ խանգարումներ: Կինը արյուն էր թքում եւ բժիշկները զգուշացրել են, որ, եթե իրավիճակը չփոխվի, լրացուցիչ վիրահատության անհրաժեշտություն ի հայտ կգա:






