«Ձեզ համար, կանայք» ակցիայի շրջանակներում աչքի վիրահատություններն անցկացվում են անվճար հիմունքներով, սակայն վիրահատության ընթացքում օգտագործվող բյուրեղիկի դիմաց պետք է վճարի հիվանդը: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնել է առողջապահության վարչության գլխավոր մասնագետ Սերինե Բաղդասարյանը:
«Բյուրեղիկի արժեքը ներառված չէ վիրահատության արժեքի մեջ», - նշեց նա՝ հավելելով, որ բյուրեղիկները տարբեր են լինում, դրանց գները նույնպես տարբեր են՝ սկսած 10 հազար դրամից: Հիվանդը ինքն է իր համար բյուրեղիկ ընտրում եւ ոչ մեկ չի կարող նրան ստիպել վճարել ավելի շատ:
NEWS.am Medicine-ի խմբագրություն էր դիմել մի կին, որը պատմել էր, որ ակցիայի շրջանակներում նրան աչքերի վիրահատություն են կատարել եւ 70 հազար դրամ պահանջել բյուրեղիկի դիմաց: Կինը ցանկանում էր իմանալ, արդյոք օրինական էր այս պահանջը:
Հիշեցնենք, որ մարտի 8-ից ապրիլի 7-ը Երեւանում անց է կացվում «Ձեզ համար, կանայք» ակցիան, որի շրջանակներում մայրաքաղաքի բնակչուհիները կարող են մի շարք անվճար հետազոտություններ անցնել, անհրաժեշտության դեպքում կիրականացվեն անվճար վիրահատություններ:
Այս տարի ակցիայում ներառված են հետեւյալ հետազոտություններն ու վիրահատությունները
Աչքերի վիրահատություն
Ընդհանուր վիրաբուժություն
Գինեկոլոգիական վիրահատություններ
Համակարգչային տոմոգրաֆիա
Վահանաձեւ գեղձի հետազոտություն (հորմոնային հետազոտությունը ներառյալ)
Եթե Դուք ակցիայի շրջանակներում խնդիրների եք բախվել, կապնվեք NEWS.am Medicine-ի խմբագրության հետ ([email protected] ) եւ/կամ, զանգահարեք քաղաքապետարանի թեժ գծի հեռախոսահամարով 1-08 կամ +374 10 514 152):






