Դեղամիջոցների արտադրության մեջ օգտագործվող դեղահումքը Հայաստանում արտադրելը երկիրն ավելի անկախ կդարձնի: Այս կարծիքը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ ԳԱԱ «Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն»-ի տնօրեն, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիգեն Թոփուզյանը:

Նրա խոսքով՝ դեղարտադրող ընկերությունների մեծ մասը դեղահումքը ներկրում է արտերկրից՝ մասնավորապես՝ Հնդկաստանից, Չինաստանից կամ Եվրոպական երկրներից: Սակայն, եթե հումքի հոսքն այլ երկրներից ինչ-որ պատճառով դադարի, Հայաստանում լուրջ խնդիրներ կարող են առաջանալ: Այդ իսկ պատճառով, քիմիկոսի կարծիքով, շատ կարեւոր է, որ ամենաանհրաժեշտ հումքն արտադրվի հենց Հայաստանում՝ դա կնվազեցնի երկրի կախվածությունը այլ երկրներից:

«Ինչքան անկախ լինենք, այնքան ապահով կլինենք», - նշեց քիմիկոսը:

Նրա խոսքով՝ սեփական ապահովության եւ անկախության համար երկիրը կարող է նաեւ փորձել մեծ քանակի դեղահումք ներմուծել, սակայն խնդիրն այն է, որ այդ դեղահումքը երկար պահել չի կարելի, մինչդեռ քիմիական միացությունները, որոնցից ստեղծվում է դեղահումքը, կարելի է 20 տարի եւ ավելի պահել: Այդ իսկ պատճառով, մասնագետի խոսքով՝ ավելի ճիշտ եւ ձեռնտու կլինի ներմուծել կամ հենց այստեղ ստեղծել դեղահումքի համար անհրաժեշտ միացությունները, իսկ հարկ եղած դեպքում դրանցից ստեղծել դեղահումք, վերջինիցս էլ՝ դեղամիջոցներ:

Բացի այդ, այդպիսի մոտեցման դեպքում բազմաթիվ քիմիկոսների համար աշխատատեղեր կստեղծվեն: