Երեւանում բացվում է գիտական կենտրոն՝ բաղկացած հինգ լաբորատորիաներից, որոնք կարող են խթանել Հայաստանում դեղահումքի արտադրությունը: Այս մասին լրագրողներին ասացին Ծրագիրն իրականացնող ընկերության ԱՊՀ-ում եւ Իրանում տնօրեն Տիգրան Հախվերդյանը եւ ՀՀ ԳԱԱ «Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն»-ի տնօրեն, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիգեն Թոփուզյանը:

Բանախոսների փոխանցմամբ՝ հինգ լաբորատորիաներից երեքը սինթետիկ հումքի հետազոտման եւ արտադրման համար են, մեկը անալիտիկ քիմիայի լաբորատորիա է եւ վերջինը՝ բարձր պոտենցիա ունեցող դեղանյութերի արտադրության լաբորատորիա:

Սինթետիկ լաբորատորիաներում, Տիգրան Հախվերդյանի խոսքով, արտադրվում են բոլոր ոլորտներում օգտագործվող նյութեր: Բարձր պոտենցիայի լաբորատորիայում՝ նյութեր, որոնք ամենից հաճախ ուռուցքաբանության մեջ են կիրառվելու, իսկ անալիտիկ լաբորատորիան աջակցում է բոլոր չորսին ստացված տվյալները մշակելու, գիտական եզրակացություններ անելու եւ այլ գործերում:

«Գիտական կենտրոնը իր հինգ լաբորատորիաներով պոտենցիալ ունի ստեղծելու ցանկացած առողջապահական բնագավառի դեղահումքեր», - նշեց Տիգրան Հախվերդյանը:

Նրա խոսքով՝ գիտական կենտրոնը համապատասխանում է եվրոպական չափանիշներին, իսկ լաբորատորիայի սարքավորումները ներկրված են Գերմանիայից, որտեղի գործող լաբորատորիան դեմոնտաժվել է եւ նորից հավաքվել Հայաստանում: Նման գիտական կենտրոն, Տիգրան Հախվերդյանի խոսքով, կովկասյան երկրներում չկա:

Գիտական կենտրոնը, բանախոսների փոխանցմամբ, նաեւ 23 նոր աշխատատեղ է ստեղծել: Կենտրոնի պաշտոնական բացումը տեղի է ունենալու վաղը՝ մարտի 18-ին: