Դեղագործական հումքը Հայաստանում գրանցման ենթակա չէ, ինչն իր մեջ մի շարք վտանգներ է պարունակում: Մասնավորապես՝ դա դժվարացնում է ներմուծվող հումքի որակի վերահսկողությունը:  Այս մասին լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ընթացքում ասել է ՀՀ ԳԱԱ Օրգանական եվ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն, քիմիական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Վիգեն Թոփուզյանը: 

 Նրա խոսքով՝ տեղական դեղարտադրողների մեծ մասը ձգտում է համապատասխանել GMP չափանիշներին: Նրանցից պահանջվում է նաեւ արտադրական իդեալական պայմաններ ապահովել, սակայն դեղագործական հումքի նկատմամբ նման պահանջներ տարօրինակ կերպով չկան: Որպես հետեւանք՝ ոչ մեկ չգիտի, ինչ պայմաններում է արտադրվում ներմուծված հումքը:

Ինչպես նշեց քիմիկոսը, ոչ մեկ չի կարող համոզված լինել, որ, օրինակ, Հնդկաստանից կամ Չինաստանից ներմուծվող հումքը իսկապես արտադրվել է ստերիլ պայմաններում: Իսկ առանց գրանցման ցանկացած կազմակերպությունը կարող է հումք ներմուծել: Արդյունքում մնում է հավատալ ուղեկից փաստաթղթերի տվյալներին:

Եթե հումքն արտադրվի Հայաստանում, այսօրինակ մի շարք խնդիրներից հնարավոր կլինի խուսափել: Իսկ դեղարտադրողը հնարավորություն կունենա գնալ եւ տեսնել, ինչ պայմաններում է արտադրվում հումքը, որը նա պատրաստվում է օգտագործել իր արտադրությունում: Ներմուծման պարագայում տեղական արտադրողները նման հնարավորությունից զրկված են:

Վիգեն Թոփուզյանը նշեց նաեւ, որ հումքի արտադրությունը երկիրն ավելի անկախ կարող է դարձնել, իսկ դեղարտադրողներին՝ այդ արտադրանքի որակին ավելի վստահ: